Քաղաքական

ԱԳ նախարարն ընդունեց Պենտագոնի ներկայացուցչին

Դեկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասին։  Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-ամերիկյան գործընկերությունը տարբեր բնագավառներում, ներառյալ պաշտպանական և անվտանգության ոլորտը,  վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է, և առկա են նախադրյալներ դրանց ընդլայնման համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էվելին Ֆարկասն ասաց, որ Միացյալ Նահանգները կարևորում են Հայաստանի հետ պաշտպանական բնագավառներում փոխգործակցության զարգացումը, և իր այցելությունը միտված է դրա առավել ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղապահ գործունեությանը, և կարևորվեց Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ունեցած ներդրումը: Քննարկվեցին Հայաստան-ՆԱՏՕ  հարաբերությունները։

Արտգործնախարարն անդրադարձավ նաև տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման խնդիրներին, մասնավորապես տարածաշրջանային խաղաղության պահպանման համար Եվրոպայում Սովորական սպառազինությունների պայմանագրի արդիականացման կարևորությանը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է զանգվածային ոչնչացման զենքի, միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի միջազգային նախաձեռնություններին:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Ցուցադրել ավելի
Back to top button