ԿարևորՔաղաքական

Ադրբեջանահայությունը կոչ է անում չմոռանալ Բաքվի ցեղասպան քաղաքականությունը

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Ադրբեջանից բռնի տեղահանվածները վիրավորվում են փախստականի կարգավիճակից և որակավորումից ու իշխանություններին կոչ անում մեջքով չշրջվել նրանց խնդիրների նկատմամբ: Ադրբեջանն այսօր բարձրաձայնում է Հայաստանից 1մլն բռնագաղթված ադրբեջանցիների մասին, և միջազգային հանրության ուշադրությունը սևառում հորինված խնդրի վրա, իսկ Հայաստանը ներկայացնում է 360 000 փախստական, այն դեպքում որ վերջինիս սահմանագիծը 800 հազարից ավելին է: Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարն այսօր քննարկել է լուծում պահանջող հրատապ խնդիրները, և պատկան այրերից նոյեմբերի 21-ը չմոռանալու կոչ արել:

Ցեղասպանոթյան 100 ամյա տարելիցին ընդառաջ այսօր նորօրյա Բաքվի ռեժիմի իրականացրած և դեռևս չդատապարտված Ադրբեջանի «ցեղասպան քաղաքականության տնտեսական, սոցիալական, իրավական, ինչպես նաև քաղաքացիական հետևանքները կրող հատվածի իրավունքների պաշտապնության» թեմայով քննարկում էր կազմակերպվել նվիրված ադրբեջանահայությանը։ Նոյեմբերի 21-ին լրացել է Գանձակի հայության ինքնապաշտպանոթյան և Ադրբեջանից հայերի բռնի տեղահանության 25-րդ տարին, և մինչ օրս, ինչպես իշխանական, քաղաքական դեմքերը, այնպես էլ մշակութային և գիտական շրջանակները չեն արձագանքել այդ իրողությունը, ասել է թե աչք են փակել կատարվածի վրա, ի հակառակ Ադրբեջանի իշխանությունների, որոնք ամբիոններից տեղի և անտեղի բարձրագոչ հայտարարություններ են անում` նշելով Հայաստանից շուրջ 1 մլն բռնի տեղահանվածների անտրամաբանական թվի մասին։ Իսկ իրական կորուստ կրած կողմը, ըստ Ադրբեջանից բռնագաղթվածների, «քաղաքական շարժառիթներից ելնելով լռում է, անգամ չի էլ հիշում այդ օրը», ու համագումարն առաջարկում է ԵԱՀԿ ՄԽ բանակցային օրակարգ մտցնել բռնագաղթվածների վերադարձի հարցը, որպես հրատապ հարց։

Քաղաքական հարթությունում առկա դժգոհությանը զուգահեռ, կան նաև սոցիալ-տնտեսական չլուծված խնդիրներ: Այդուամենայնիվ՝ բռնագաղթվածներն այսօր իրենց շնորհակալությունը հայտնում են երկրի իշխանություներին իրենց բնակարանային խնդիրը մասամբ լուծելու համար, բայց մասամբ, քանի որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանից Հայաստան է բռնագաղթել 360 000 հայ, սակայն համագումարի անդամները 850 000-ի մասին են պնդում ու հավելում, որ այսօր սոցիալ-տնտեսական ստեղծված իրավիճակում նրանցից մեկ քառորդն է ապրում պատմական հայրենիքում, իսկ 1300-ն ունի բնակարանային չլուծված խնդիր, փաստաթղթային խնդիրներ, ազգանվան փոփոխության պահանջ ու ցանկություն, որը պատկան մարմիններն անգամ չեն կարողանում լուծել: «Հայոց մեծ եղեռնի շարունակությունն այսօր արդեն մեր օրերում տեղի ունեցավ ադրբեջանահայերի նկատմամբ, իսկ այն տեղի ունեցավ, քանի որ միջազգային հանրությունը չդատապարտեց ցեղասպանությունը», բարձրաձայնում են համագումարի մասնակիցները:

Ի դեպ՝ նրանք չգիտեն Սփյո՞ւռք են, թե՞ ոչ, իրենց ինչպես են ընկալում Հայաստանում, բայց լսելի լինելու, իրավունքները վերականգնելու պահանջ ունեն։ Այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ, սակայն ոչ քաղաքական, այլ մշակությաին, ստեղծագործական ճանապարհով։ Ասվածի ապացույցը տպագրվող գրքերն են, մասնավորապես՝ Յուրի Բաղդասարանի «Բաքուն և հայերը, հակահայկական քաղաքականություն, էթնիկ մաքրում» գիրքը։

Ցուցադրել ավելի
Back to top button