Հասարակություն

Տաքիսիստները մտահոգ են ոլորտում առկա անորոշությամբ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հունվարից տաքսի ծառայությունների լիցենզավորման կարգում սպասվող փոփոխություններին են այսօր անդրադարձել ոլորտի կանոնակարգման խնդիրներով շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարներ եւ ՀԿ ներկայացուցիչներ։ Ոլորտը կարգավորելու խնդիրը վաղուց կար եւ այն ներառվել էր վարչապետի առաջ քաշած «Գիլյոտին» ծրագրում:  ՀՀ տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի խոսքով, նպատակը մեկն էր` ավելորդ ծախսերից ազատել մարդկանց եւ հատկապես փոքր ու միջին բիզնեսը դարձնել առավել գրավիչ: Իրենց խորհրդատվությամբ մշակվեց նոր օրինագիծ` «Լիցենզավորման կարգի մասին»: Օրինագծի ընդունումը խորհրդարանի կողմից ձգձգվում է եւ ոլորտում զբաղվածները մտահոգված են այդ առնչությամբ։

Վահագն Սահակյանի փոխանցմամբ` նոր օրինագծով նախ պարզեցվում է լիցենզավորման կարգը, բացի այդ` սահմանվելու է լիցենզավորման համար 25 հազար դրամ տուրքը բաժանել ամիսների մեջ, վերացվելու են դեղին համարանիշերը` դրանք փոխարինելով ինքնակպչուն ցուցանակներով, որոնցով էլ կտարբերվեն լիցենզավորված եւ ոչ լիցենզավորված տաքսիները:

Սա, ըստ բանախոսի, լավ է թե վերահսկողների, թե սպառողների համար: Նոր օրինագծի արագ ընդունումը ձեռնտու է թե տաքսի ծառայություններին, թե անհատ տաքսի-վարորդներին, ովքեր աշխատում են օրինական դաշտում, շեշտեց Վահագն Սահակյանը: Նրա խոսքով` մեր երկրում տաքսի ծառայությունների ոլորտը բավականին զարգացած է եւ դա նրանից չէ, որ մեր ազգաբնակչությունը շատ հարուստ է կամ ճոխություններ սիրող, այլ` պարզապես տաքսի ծառայությունները հաճախորդների համար ձեռնտու պայմաններով են աշխատում: Վահագն Սահակյանի խոսքով, սակայն, կա մտահոգություն, որ սխալ օրենքներ ընդունելու կամ ներկայացված օրինագիծն ուշ ընդունելու պատճառով կարող է ոլորտը հետընթաց ապրել։ 

«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գեւորգ Դոստուրյանի խոսքով` նոր օրինագիծը ձեռնտու է բոլորին,  քանի որ վարչարարությունը պակասեցվում է, լիցենզավորումը կատարվելու է արագ ու հեշտացված կարգով: Նրա խոսքով, սակայն, անհասկանալի է, թե ինչու է դրա ընդունումը հետաձգվում: Բանախոսն ասաց, թե հույս ունեն, որ առաջիկայում խորհրդարանը կընդունի այն եւ ոլորտում այսօր առկա անորոշությունը կվերանա։

Նոր օրինագծի ընդունմամբ` սակագնի փոփոխություն տաքսիների հետ կապված չեն լինելու: Բանախոսներն ասացին, որ, թեպետ կան անբարեխիղճներ, որ ինչ-ինչ զարտուղի ճանապարհներով աննկատ բարձր սակագնով են ծառայություն մատուցում, սակայն այսօրվա 100 դր/կմ արժեքը լիովին ձեռնտու գին է թե հաճախորդների, թե տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների համար: Բանախոսներն ասացին, որ միջազգային գների եւ որակի համեմատությամբ` այսօր մենք բավականին հաջող տաքսի ծառայություն ունենք:

Այնուամենայնիվ՝ Վահագն Սահակյանի փոխացմամբ՝ մի դեպքում միայն հնարավոր է սակագնի բարձրացում լինի` թեպետ դեռ շատ վաղ է այդ մասին խոսելը: Խոսքը Մաքսային միություն մտնելուց հետո ստեղծվելիք վիճակի մասին է։ Ինչ վերաբերում է տաքսիների վրա քաղաքային հասարակական տրանսպորտի ուղեւարձի թանկացման հնարավոր ազդեցությանը: Վահագն Սահակյանի խոսքով` եթե տաքսի ծառայությունների ղեկավարներն ու անհատ տաքսու վարորդները խելամիտ գտնվեն, ապա նրանք պարզապես չեն թանկացնի ծառայությունը եւ կշահեն ավելին: Գեւորգ Դոստուրյանն էլ նկատեց, որ այս ոլորտում թանկացումներ ակնկալել շատ դժվար է, քանի որ ամենաազատականացված շուկան է եւ առաջարկը մի քանի անգամ գերազանցում է պահանջարկը։

Այս ոլորտում բավականին գրագետ են դարձել նաեւ սպառողները, նկատեց Սպառողների իրավունքների պաշտպանություն ՀԿ ներկայացուցիչ Արամ Գարեգինյանը։ Նա հավելեց, որ սպառողների տեսանկյունից մեկ խնդիր նույնպես կարեւոր է, որ տաքսիների հեշվիչները պատշաճ ուշադրության արժանանան ու ստուգվեն համապատասխան պետական մարմնի կողմից։

Ցուցադրել ավելի
Back to top button