ԿարևորՔաղաքական

Դեսպան Պետրիկես. «Վիլնյուսից հետո լինելու է նաև Ռիգան։ Ամեն ինչ դեռ նոր է շարունակվում»

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերներն և ապագայի թաքնված հնարավորությունները» թեմայով քննարկումն այսօր ընթացել է միայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, թեև հրավիրված են եղել ինչպես փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, այնպես էլ Հայաստանում ԵՄ պատվիարակության ղեկավար Տրայան Հրիսթեան։
«Ցավալի է, որ թեման նրանց այլևս հետաքրքիր չէ»,- քննարկման սկզբում նշեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբւի ղեկավար Լևոն Բարսեղյանը: Ինչևէ՝ «Վիլնյուսից հետո կյանքը չի վերջացել»,- նշել է Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը։

«Վիլնյուսից հետո կյանքը չի վերջանում: Վիլնյուսից հետո լինելու է նաև Ռիգան։ Ամեն ինչ դեռ նոր է շարունակվում, չի վերջանում». Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը համամիտ չէ դիտարկմանը, թե Հայաստան-Եվրամիություն բանակցությունները ոչինչ չեն տվել Հայաստանին։ «Վիլնյուսում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարության մեջ արձանագրված է, թե ինչի է հասել Հայաստանն այս տարիների ընթացքում»,- ասաց դեսպանը։

Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի պարզաբանմամբ՝ անհնար է անդամակցել Մաքսային միությանն ու միաժամանակ գնալ եվրաինտեգրացիոն ճանապարհով: Դրանք հակասում են իրար: Եթե գնում ենք ՄՄ, ապա պետք է մոռանանք Ասոցացման համաձայնագրի մասին, ինչը նշանակում է, որ  ԵՄ հետ համագործակցությունն ավելի ավելի ցածր մակարդակի կլինի։ «Պարզ է՝ մենք չենք կորցնի ԵՄ-ին, սակայն ԵՄ-հետ համագործակցությունն ավելի ավելի ցածր մակարդակի կլինի. Սպասարկումը կվատանա, հերթեր կառաջանան: Պետք է մուծվես ՄՄ գնալու համար, կոպիտ ասած»,- նկատում է նա։

Գրիգորյանը չի հավատում, որ Հայաստանը ՄՄ անդամ կդառնա, իսկ եթե անգամ անդամակցենք ՄՄ- ին, ապա դա երկար չի տևի, «կքանդվի ՄՄ- ն»,- համոզված է քաղաքագետը։

Հայաստանը Համաշխարհային առևտրի կազմակերպության անդամ է, իսկ ՄՄ- ին անդամակցելու դեպքում փոխվում են խաղի կանոնները: Այդ դեպքում՝ հնարավոր է Հայաստանին դուրս հանեն Համաշխարհային առևտրի կազմակերպությունից, ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Չորս տարի Հայաստանի օրենսդրությունը համապատասխանեցվում էր Եվրոպական չափանիշերին, հիմա պետք է ամեն ինչ ջուրը գցենք ու սկսենք նորի՞ց, հարցնում է քաղաքագետը՝ տարակուսանք հայտնելով  հաջողության հասնելու հավանականության հարցում։

Վերադասավորումների արդյունքում ինստիտուցիոնալ լուրջ խնդիրներ կառաջանան, ինչը ցույց կտա դրա անհնարինությունը, եզրակացրեց Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավարը։

Ցուցադրել ավելի
Back to top button