Տնտեսական

Գործարարները բողոքում են «Հայռուսգազարդից». խոչընդոտում է իրենց աշխատանքին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Ալիշան» պահածոների գործարանի հիմնադիր- սեփականատեր Սերժիկ Մոսեսյանը երկմտում է՝ շարունակե՞լ աշխատել Հայաստանում, թե՞ ոչ: Հայացք գցելով անցած 13 տարիներին՝ ամռան ամիսներին 200, իսկ ձմռանն էլ շուրջ 60 աշխատակից ունեցող գործարարը  նկատում է՝ ճգնաժամ, փակ շուկաներ, գազի բավականին բարձր սակագին, ամսական 1-1,5 մլն դրամ եկամտահարակ , այժմ էլ  խնդիրներ «Հայռուսգազարդ» ընկերության հետ։

Դրանք սկսվել են չորս-հինգ ամիս առաջ։ «Ալիշանն» օգտագործված գազի դիմաց վճարել է 3 մլն 600 հազար դրամ, սակայն, համարելով,. որ այն ապօրինի է ու իրական ծախսին չի համապատասխանում, դիմել է «Հայռուսգազարդ»-ին՝ առաջարկելով վերանայել  ու հաշվարկել սպառած գազի իրական ծախսը: Նոյեմբերի 26-ին «Ալիշան» ընկերության գազն անաջատել են, դեկտեմբերի 9-ին վճարումից հետո այս անգամ ճնշումն են ավելացրել։

«Չորս- հինգ ամիս առաջ մենք իմացել ենք, որ գազի վճարումներն անօրինական ձևով մեզանից գանձել է «Հայռուսգազարդը»։ Մի քանի անգամ դիմել ենք նրանց, ասել ենք, որ նայեք ու հիմնավորեք: Մենք ասել ենք, որ չենք վճարելու մինչև  չհիմնավորեք, գազն անջատել են։ 1,8-1,9 գործակից են  դրել։ Մասնագետը հրաժարվել է, ամենաշատը պետք է 0,95-0,98 լինի: Ես վառել եմ հազար խորանարդ մետր, բայց վճարել եմ 1800 խորանարդ»,- պատմում է  Սերժիկ Մոսեսյանը։

Գազի ճնշման բարձրացման հետևանքով գործարանի կաթսայատանը պայթյուն է տեղի ունեցել, որի ժամանակ երկու աշխատող է եղել կաթսայատանը, և, բարեբախտաբար, նրանք չեն տուժել:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ նման պահվածքի միակ պատճառն այն է, որ ընկերությունը  մենաշնորհային դիրք ունի։ «Մինչև հիմա բիզնեսի համար խոչընդոտներ ստեղծում էին տարբեր ստուգող մարմիններ կամ տեսչությունները, այժմ մի տնտեսվարող սուբյեկտ խոչընդոտում է մյուսի աշխատանքներին՝ օգտագործելով իր մենաշնորհային դիրքը, անցնում է բոլոր չափ ու սահմանները»,- ասում է նա։

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը կիսում է Գագիկ Մակարյանի  այն դիտարկումը, ըստ որի՝ այս հարցում անելիք ունի նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ «Ալիշան» պահածոների գործարանի հիմնադիր- սեփականատերը հուսահատ վիճակում է, նա դիմում է հանրապետության նախագահին, գլխավոր դատախազին ու ոչ միայն։ «Եթե լուծում չտրվի՝ դիմելու եմ դատարան, դիմելու եմ նախագահի աշխատակազմին։ Վերջը պետք է իմանամ՝ արդյո՞ք կարողանալու եմ ես այս երկրում գոյատևել, թե՞ թողնեմ գնամ։ Արդեն դանակը հասել է ոսկորին: Չեմ կարողանում՝ ճգնաժամը մի կողմից, խոչընդոտները՝ մյուս»,- բողոքում է Սերժիկ Մոսեսյանը։

Հավելեմ, որ քննարկմանը հրավիրվել էին նաև «Հայռռւսգազարդ» ընկերության ներկայացուցիչները, սակայն նրանք հրաժարվել են հանդիպումից:

Ցուցադրել ավելի
Back to top button