ԿարևորՔաղաքական

Արդյունքներ չեն լինի, եթե Ադրբեջանը համագործակցել չցանկանա

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Մենք չենք կարող լուրջ արդյունքի հասնել, քանի դեռ Ադրբեջանը չի ցանկանում համագործակցել մեզ հետ»,-այսօր հայտարարել է «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հկ նախագահ Ռիմա Առաքելյանը՝ նշելով, որ Հայատանից ու ԼՂ-ից մոտ  հազար անհետ կորածներից ընդամենը 90  հոգու վերաբերյալ կան որոշ տեղեկություններ։ Կազմակերպության նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանին՝ նշելով, որ ադրբեջանական կողմը նրան ստիպում է հայտարարել, որ ցանկանում է երրորդ երկիր տեղափոխվել, բայց ՀՀ ՊՆ անում է  ամեն ինչ, որպեսզի հայ զինծառայողը վերադառնա Հայաստան: 

«Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի օրերս կայացած նիստին մասնակցել են  նաև  Կարմիր խաչի ներկայացուցիչները: Հիշյալ հանձնաժողովի ներկայացուցիչ, ինչպես նաև Անհետ կորած  ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանն այսօր նշեց, որ պաշտապանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց մեկ անգամ ևս տեղեկացրել է՝ հայկական կողմը հասնելու է նրան, որպեսզի Հակոբ Ինջիղուլյանը վերադառնա Հայաստան:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ հայ զինծառայողը ցանկություն  է հայտնել մեկնել երրորդ երկիր, մինչդեռ հայկական կողմը, այդ թվում նաև Հակոբ Ինջիղուլյկանի հարազատները,  համոզված են, որ դա տեղի է ունեցել ճնշման ներքո։

Հայաստանում ադրբեջանցի գերիներ չկան, հայկական կողմը բոլորին վերադարձրել է, մինչդեռ Հյաստանից ու ԼՂ-ից անհետ կորած են համարվում մոտ 1000 հայ զինծառայողներ: Ռիմա Առաքելանն այսօր տեղեկացրեց, որ նրանցից 90-ի ողջ լինելու վերաբերյալ կան որոշ տեղեկություններ և եթե ադրբեջանական կողմը կամք դրսևորի՝ հնարավոր են անակնկալներ։

«Մենք չենք կարող լուրջ արդյունքի հասնել, քանի դեռ Ադրբեջանը չի ցանկանում համագործակցել մեզ հետ», ասում է Ռիմա Առաքելյանը, իսկ անհետ կորած զինծառայողի  մայր Սամարա Գրիգորյանն իր հերթին հավելում.«Ամեն ինչ հնարավոր է, եթե Ադրբեջանն իր սիրտը բացի հայի նման, բայց եթե  ադրբեջանական կողմը դռներն ու սիրտը չբացի, մենք ոչ միայն Հակոբ Ինջիղուլյանին,  այլև մեր մյուս տղաներց և ոչ մեկին չենք վերադարձնի: Ամեն ինչ կախված է Ադրբեջանի սրտից»։

Ցուցադրել ավելի
Back to top button