Մշակույթ

Վախճանվել է բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը

Հայաստանի գրողների միության  նախագահությունը խոր վշտով հայտնում է, որ դեկտեմբերի 13-ին վախճանվել է ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Հրաչյա Հայկի Բեյլերյանը և ցավակցում է հանգուցյալի ընտանիքին, հարազատներին ու նրա պոեզիայի բազմաթիվ երկրպագուներին:

Հրաչյա Բեյլերյանը ծնվել է Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքում։ 1974թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։

1974-79թթ աշխատել է ՀԽՍՀ Ապարանի շրջանի Ափնա, այնուհետև` Վարդենուտ գյուղերի դպրոցներում` որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1979թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնում: 1983թ-ից եղել է կինոստուդիայի սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ:

1982թ. տպագրվել է նրա «Հարթավայրի սիրտը» բանաստեղծությունների ժողովածուն։ Կատարել է մի շարք թարգմանություններ, որոնք տպագրվել են Հայաստանի գրական մամուլում: Թարգմանել է դարասկզբի ռուս դասական բանաստեղծների` Մանդելշտամի, Վոլոշինի, Ախմատովայի ստեղծագործություններից, նմուշներ ճապոնական պոեզիայից, ռուս արձակագիր Ա.Պլատոնովի երկերից:

1984թ-ից եղել է Հայաստանի Գրողների միության անդամ է: 1986թ. լույս է տեսել նրա «Մհերի դուռը», 2004թ.` «Վերջալույսը թռչուն» գրքերը: Եղել է ԼՂՀ Լաչինի շրջանի Գողթանիկ գյուղի դպրոցի տնօրենը:

Բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանի հոգեհանգիստը տեղի կունենա  2013թ դեկտեմբերի 15-ին, ժամը 18.00-ին, Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Ս.Սարգիս եկեղեցում:

Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2013թ. դեկտեմբեռի 16-ին ժ. 12.00-14.00-ին, Հայաստանի գրողների միության շենքում։

Ցուցադրել ավելի
Back to top button