Հասարակություն

ԵՄԿԱ ավանդական տոնավաճառն այս անգամ նվիրված է Ստեփանավանի կարիքավորներին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Երևանի Միջազգային կանանց ասոցիացիան այսօր կազմակերպել է ամենամյա միջազգային ցուցահանդես- տոնավաճառը: Տոնավառառից ստացված հասույթը կտրամադրվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և հարակից 9 գյուղերի 50-ից ավելի երեխաներին և սոցիալապես անապահով ընտանիքներին:  Տոնավաճառը նաև յուրահատուկ հնարավորություն է ընձեռքում հետաքրքիր իրեր գնելու և հաճելի անակնկալներ ստանալու համար: Այս տարվա տոնավաճառն ընդգրկում է մի շարք միջոցառումներ, սակայն ամենահետաքրքիրը լուռ աճուրդն է, որի ամենահետաքրքիր իրն էլ Հայաստանի  ազգային հավաքականի և Դորդմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ստորագրությամբ գնդակն է։ Լուռ աճուրդի հանված արժեքավոր պարագաներից են նաև 25 տարվա հնեցման կոնյակը, հատուկ թողարկված նորաոճ բրենդայի բջջային հեռախոսը, բարձրորակ գինիների հավաքածու և բազմաթիվ այլ արեքավոր իրեր:

Տոնավաճառին մասնակցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Նա էլ օգնում էր վաճառել խաղարկության վիճակահանության տոմսերը: Նշենք, որ Սուրբ Ծննդյան տոնին նվիրված միջազգային տոնավաճառն առաջարկում է նաև յուրահատուկ և բարձրորակ նվերներ Սուրբ Ծննդյան և այլ տոների համար:

Վաճառվող իրերի շարքում են ասեղնագործություններ, բրդյա պայուսակներ, զարդեր, սփռոցներ, խնամքի պարագաներ, փայտյա քանդակներ, բազմատեսակ մոմեր, հուշանվերներ, չրեղեն, լիկյորներ, ինչպես նաև տարբեր երկրներում հայտնի մի շարք սննդատեսակներ և քաղցրավենիք։

 

 

 

Back to top button