Հասարակություն

Քաղաքագետ Արկադիր Վարդանյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվեց 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը 10 տարվա ազատազրկման, հայտնում է «Փաստինֆոն»։
Սույն գործով երրորդ ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանն էլ դատարանի դատավճռով դատապարտվեց 4 տարվա ազատազրկման։ Այդպիսով՝ դատարանը հիմնավորված համարեց Ավետյանի հոր սպանությունը նախապատրաստելու համար առաջադրված մեղադրանքը։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը, իր առանձնատան հաշվառումից հանել է նրան ու որդուն, առանձնատանն ու մյուս գույքին տիրանալու շահադիտական դրդումներով՝ ծրագրել է իր հոր սպանությունը՝ «հանցավոր համաձայնության» գալով Արկադի Վարդանյանի հետ, ստացել սպանության այլընտրանք չլինելու և բարոյահոգեբանական առումով արդարացված լինելու հարցում վերջինիս հավանությունը:
Ա.Վարդանյանն առաջարկել է կամրջից ցած կամ գետը նետելու տարբերակը, սակայն ընտրությունը, ըստ մեղադրական եզրակացության, կանգ է առել հոգեմետ նյութերի մեծ չափաբաժնով ծնողին թունավորելու՝ Արսեն Ավետյանի  առաջարկի վրա՝ մշտապես հոր կողմից օգտագործվող հանքային ջրում այն լուծելու եղանակով:
Հոգեմետ դեղամիջոց ազալեպտինի 3 հաբ Արսեն Ավետյանը ձեռք է բերել իր ծանոթ, ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանի միջոցով: Վերջինս այն ձեռք էր բերել հոգեբուժական դիսպանսերում հաշվառված հիվանդ Էդուարդ Ասատրյանի օգնությամբ, ով պատահաբար նստել էր իր տաքսի ավտոմեքենան: Ավելի ուշ Ա.Ավետյանը խնդրել է կրկնապատկել հաբերի թիվը, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ ամբաստանյալներից անկախ պատճառներով. Ազգային անվտանգության մարմինները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպքը:
Ըստ Արկադի Վարդանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա իր գործողություններով օժանդակել է շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանը, իսկ Վարուժան Սաֆտալյանը 500 հազար դրամ պարտք լինելով Արսեն Ավետյանին՝ պարտավորված է եղել ինչ-որ կերպ օգտակար լինել վերջինիս և իր ուղևորի միջոցով ձեռք բերել երեք հաբ հոգեմետ դեղ:
Սակայն ավելի ուշ՝ տեսնելով Արսեն Ավետյանի վճռականությունը և սթափվելով, որևէ այլ գործողություն չի արել, սակայն նաև չի հայտնել իրավապահ մարմիններին նախապատրաստվող ծանր հանցագործության մասին:
Արսեն Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանը օժանդակելը, 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, Արկադի Վարդանյանին 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ Վարուժան Սաֆտալյանին՝ 266-րդ հոդվածի 1-ին մասով` Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը և 335-րդ հոդվածի  1-ին մասով՝  hանցագործության մասին չհայտնելը:
Ցուցադրել ավելի
Back to top button