Քաղաքական

Ոչ պատմական էր, ոչ կարեւոր. Զոհրաբյանը Դավութօղլուի այցի մասին

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/12/131213davudoglu.mp3

«Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Երևան ոչ պատմական էր, ոչ էլ կարևոր, դա պարզապես աշխատանքային այց էր և դրանով չէր լուծվելու հայ-թուրքական հարաբերություններում թնջուկը»,- այսօր հայտարարեց ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովին Թուրքիայի ԱԳ նախարարի մասնակցությանը։ Քանի կա Էրդողան-Գյուլ-Դավութօղլու եռյակը, այդ հարցը չի լուծվելու և այս դեպքում անգամ էական չէ, թե որ մուտքով Դավութօղլուն ներս կմտներ դահլիճ, ասաց։

Նաիրա Զոհրաբյանն այս հայտարարությունն արեց ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում ԵՄ հարցերի հանձնաժողովների վերաբերյալ սեմինարի ընթացքում՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Իսկ ահա սեմինարի թեմայի հետ կապված նա կարևորեց ԵՄ- ի հետ համագործակցությունը հատկապես ՄՄ անդամակցության մասին Հայաստանի հայտարարությունից հետո:  Այսօր ավելի մեծ ու ավելի ակտիվ աշխատանք է պահանջվում հանձնաժողովից, քան մինչ սեպտեմբերի 3-ի հայտարարությունը, ասաց Նաիրա Զոհրաբյանը։

ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հստակեցրեց, որ թեև չի կիսում ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, սակայն հասկանում է նաև, որ ՄՄ անդամակցելու հայտարարությունը կյանքի հարց էր՝ հաշվի առնելով ղարաբաղյան խնդիրը։

Պետք չէր ի սկզբանե «կամ… կամ»- ի հարց դնել, պետք էր հավասարակշռված քաղաքականություն վարել, որպեսզի միջազգային հանրության աչքին անվստահելի գործընկեր չդառնայինք, ասաց Նաիրա Զոհրաբյանը՝  այդուհանդերձ ավելացնելով, որ ԵՄ հետ երկխոսությունը սպառված չէ, սակայն ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ։

Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Դիդիենկոն էլ իր խոսքում նշեց, որ ԵՄ- ն պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների ճանապարհին:

ԵՄԽԽ ԵՄ մոտարկման և կառավարման հարցերի խարհրդատու Իլմարս Սոլիմսը նկատեց՝ որպեսզի Հայաստանը իր օրենսդրությունը համապատասխանեցնի ԵՄ օրենսդրությանը, պետք է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեն, սակայն այսօր չկան հստակ պահանջներ, թե ինչ գերակայություններ պետք է դրվեն Հայաստան-ԵՄ երկխոսության հիմքում: Դեռևս պարզ չէ, թե որքան պետք է մոտարկվեն օրենքները և դա պետք է որոշի Հայաստանը։

Ցուցադրել ավելի
Back to top button