Քաղաքական

Հայաստանցիների 67% կողմ է Ռուսաստանին, 17%- ը՝ ԵՄ- ին. քննարկում Կովկասի ինստիտուտում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ավարտվող տարվա քաղաքական արդյունքները այսօր ամփոփվել են Հայնրիխ Բյոլի հիմնադրամնի և Կովկասի ինստիտուտի կողմից նախաձեռնած երևանյան հասարակական բանավեճերի շրջանակում:  2013 թվականը նշանավորվեց Մաքսային միությանը մեր երկրի անդամակցության գործընթացի մեկնարկով, թեպետ փորձագետները, ցուցաբերելով որոշակի զգուշավորություն, նախընտրում են այն որակել որպես հնարավոր անդամակցություն:
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը  նկատեց, որ մինչ այդ արդեն ավարտվել են ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, սակայն սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ շրջադարձ դեպի Մաքսային միությունը: Երկու միությունների հանդեպ հայաստանցիների տրամադրվածությունը քաղաքագետը ներկայացրեց նոյեմբերին կատարված հասարակական հարցումների միջոցով: «ՀՀ քաղաքացիների 80 տոկոսը ԵՄ համարում է կարևոր գործընկեր և նույնքան հարցվածներ ակնկալում են ակտիվություն եվրոպական կողմից մեր երկրի հետ համագոծակացության ծավալելու հարցում»։ Միևնույն ժամանակ, երբ դրվում է ընտրության հարց Ռուսաստանի և ԵՄ միջև, այստեղ նժարը թեքվում է դեպի ռուսական կողմը՝ 67%:17%  հարաբերակցությամբ։

Արդեն մեկնարկել է մեր երկրի Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզ»- ի մշակումը: Ըստ Մարկարովի՝ Երևանում ակնկալում են, որ Հայաստանի անդամակցությունը կկրի փոխշահավետ բնույթ, եթե ՄՄ-ը ցուցաբերի գործունակություն:

Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի՝ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կարող է ունենալ աշխարհաքաղաքական նշանակություն Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում։

Իսկ 2013-ին հայ-թուրքական հարաբերությունները շարունակեցին մնալ սառեցված վիճակում՝ Անկարայի ապակառուցողական և իմիտացիոն քաղաքականության բերումով։ Նախօրեին կայացած Թուրքիայի արտգործնախարարի կարճատև աշխատանքային այցը Երևան ևս մեկ անգամ հաստատեց թուրքական կողմի ավելի շատ քարոզչական, քան՝ գործնական դիրքորշումը, նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նկատեց, որ անցնող տարվա ընթացքում գոյություն ունեցող «ստատուս քվոն» երկաթբետոնյա ամրությամբ պահպանվում է։ Ըստ փորձագետի՝ դրան նպաստել են նաև տարծաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները:

Առաջխաղացում չապահովեց նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում։ Միևնույն ժամանակ՝ Սերգեյ Մինասյանն արձանագրեց, որ Մաքսային միությանը անդամակցելու մասին սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունը, Ռուսաստանի նախագահի դեկտեմբերի 2-ին պետական այցը Հայաստան շաղկապված են հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button