Հասարակություն

Հայաստանից արտահանված գյուղմթերքի 2/3- ը սպառվել է Ռուսաստանում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Գյուղատնտեսության երկու փոխնախարարները՝ Ռոբերտ  Մակարյանն  ու Արմեն Հարությունյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ ու 2013թ ամփոփել: Նախորդ ատրվա համեմատ Հայաստանում թարմ-պտուղ բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են շուրջ երկու անգամ, հայտարարել է Ռոբերտ  Մակարյանը: Նա նաև վստահեցրել է՝  հայկական շուկայում տոմատի մածուկի դեֆիցիտ չի կարող լինել։

Գյուղատնտեսության նախարարությունում վստահ են՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո գյուղթմերքի արտահանման ծավալները կավելանան: Պետությունը նպաստավոր պայմաններ կստեղծի, տնտեսվարող սուբյեկտներն էլ  նոր շուկաներ նվաճելու հնարավորություններ կունենան: Առանց Մաքսային միությանն անդամակցելու էլ  արտահանված բերքի 2/3 ռուսական շուկաներում է գտել սպառող, ասում է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ «2013թ այսօրվա դրությամբ արտահանվել է շուրջ 60 հազար 100 տոննա թարմ պտուղ բանջարեղեն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանել ենք  30 500 տոննա։ Նախորդի հետ համեմատած 2 անգամ ծավալներն ավելացել են,  ավելացել են հատկապես ծիրանի արտահանման ծավալները: Արտահանվել է 23 հազար տոննա ծիրան, 6800 տոննա խաղող, 980 տոննա դեղձ, 633 տոննա խնձոր, 610 տոննա կեռաս, 27 հազար տոննա բանջարեղեն, դրանից 20 500 տոննա կարտոֆիլ»։

Հայկական ծիրանը, խաղողը, կարտոֆիլը, լոլիկը  ռուսական շուկաներից բացի իրացվել են նաև Վրաստանում, Թուրքմենստանում, Իրաքում, Իրանում: Այն, որ նախորդ տարվա համեմատ  ծավալներն ավելացել են, դա դեռ չի նշանակում, որ տեղական շուկայում դեֆիցիտ կարող է առաջանալ, հատկապես տոմատի մածուկի:

Գյուղատնտեսության փոխնախարարը հակադարձում է օրերս լրատվամիջոցներում   շրջանառվող այն լուրերին, թե տեղական շուկայում կարող է տոմատի մածուկի դեֆիցիտ առաջանալ՝ արտահանման  ծավալների  կրճատման հաշվին խնդիրը կլուծվի։ «Ինչ վերաբերում է «Բորոդինոյին», որը այդ աղմուկը բարձրացրեց, լոլիկի փոքր ծավալներ է մթերել, ինքը տոմատի մածուկի շուկայում խոշոր խաղացող չի, որ կարողանա ազդի շուկայի ծավալների վրա»,- ասաց։

Նույն «Բորոդինո» ընկերությունը շուրջ 25 մլն դրամ է պարտք գյուղացիներին, սակայն, փոխնախարարի վստահեցմամբ, մինչև դեկտեմբերի 31 պարտքը կմարվի:  Մյուս ընկերությունները չնչին պարտքեր ունեն գյուղացիներին: 

Ավարտին է  մոտենում  գյուցացիական տնտեսությունների հաշվառման փորձնական ծրագիրը: Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանն էլ կարծում է, որ հաջորդ տարի հանրապետությունում ի վերջո կսկվի համատարած հաշվառումը: 2014- ին նաև   հինգ նոր սպանդանոց է կառուցվելու։ «Սպանդանոցների ծրագրով մենք 2014թ  ՀՀ երեք մարզերում (Կոտայք, Արագածոտն,  Վայոց ձոր) հինգ նոր սպանդանոց կկառուցենք: Հետագայում նաև հուսով ենք սպանդանոցները կկարողանանք կապել նաև մանրածախս կազմակերպությունների հետ, որպեսզի անվտանգ մսի ձեռքբերման գործընաց կարողանանք ապահովել  սպառողների համար»։

Ի դեպ՝ գյուղատնտեսության նախարարությունը հաջորդ տարի նույնպես կշարունակի  համագործակցել Եվրամիության հետ։ Ոչ միայն սկսված ծրագրերը կշարունակվեն, այլ նաև նոր  ծրագրեր կսկսվեն, ասում Արմեն Հարությունյանը։ «Ծրագիրը նաև ունենալու է տեխնիկական աջակցության մաս, որի շրջանակներում մենք շարունակելու ենք ՀՀ-ում խթանել գյուղացիական կոոպերացիաների զարգացումը:  Ծրագրի շրջանակենորւմ նաև մեծ ուշադրություն է  դարձվելու գյուղատնտեսության նախարարության կառուցվածքային բարեփոխումներին, թե խորհրդատվական համակարգի բարելավմանը»,- նշեց փոխնախարարը։

Նախարարության կայքէջում գյուղացիներին  նոր՝ օն-լայն խորհրդատվություն ստանալու հնարավորություն կտրվի, խոստացավ նա։ Կյքն  արդիականացվում է Շվեյցարիայի Զարգացման գործակալության  հետ կնքված պայմանագրի օգնությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button