Միջազգային

ԿԺԴՀ- ում մահապատժի է ենթարկվել երկրի երկրորդ դեմքը

Ժողովրդական անվտանգության նախարարության ռազմական տրիբունալի որոշմամբ մահապատժի է ենթարկվել հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի հորաքրոջ ամուսինը՝ Չան Սոն Թհեքը, հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը՝ հղում անելով Փհենյանի պետական ՑՏԱԿ տեղեկատվական գործակալության վրա։ Այս գործակալության հաղորդման համաձայն՝ Չան Սոն Թհեքը «ձեւավորել էր խումբ՝ կուսակցության եւ պետության գերագույն իշխանությունը զավթելու համար»։

Թհեքը համարվում էր Հյուսիսային Կորեայի քաղաքական վերնախավի ամենաազդեցիկ դեմքերից մեկը, սակայն վերջին կես ամսում ազատվեց բոլոր պաշտոններից, հեռացվեց կուսակցությունից, զրկվեց բոլոր պարգեւներից, իսկ նրա երկու տեղակալներն էլ հրապարակավ մահապատժի ենթարկվեցին։

ՑՏԱԿ- ի հաղորդագրության համաձայն՝ «գաղափարապես թույլ» Չան Սոն Թհեքի վրա ազդեցություն է գործել կապիտալիստական ապրելակերպը, «նա վարել է անբարոյական եւ անառակ կյանք, օգտագործել թմրանյութեր, արտասահմանյան երկրների, որտեղ բուժման կուրս էր անցնում, կազինոներում փողեր է վատնել»։

67- ամյա Չան Սոն Թհեքը ԿԺԴՀ- ի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի կրտսեր քրոջ ամուսինն էր։ Նրա կնոջ ճակատագրի մասին ոչինչ չի հայտնվում։ Հենց մահապատժի ենթարկված Թհեքին էր  երկրի նախորդ առաջնորդը «կտակել»  որդուն գերագույն իշխանության բերելու առաքելությունը, որի արդյունքում երիտասարդ առաջնորդի հորաքույրն ու իր ամուսինը իրենց ձեռքում էին կենտրոնացրել հսկայական լիազորություններ։ Ըստ ԿԺԴՀ- ի հարեւան երկրների՝ Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի փորձագետների՝ հորաքրոջ եւ նրա ամուսնու «հուշարձանային կերպարները հանգուցյալ առաջնորդի հզորության խորհրդանիշն» էին, որից եւ հրաժարվեց երիտասարդ Կիմ Չեն Ինը։

Իր հերթին ԱՄՆ- ը ստեղծված իրավիճակի կապակցության տարածաշրջանում իր դաշնակիցների հետ խորհրդակցություններ է սկսել, հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելպը։ Հարավային Կորեայում էլ հրավիրվել է երկրի անվտանգությունը համակարգող նախարարների նիստ։

Ցուցադրել ավելի
Back to top button