Քաղաքական

Բյուջեն սիմվոլի՞կ է, թե՞ իրատեսական. բանավիճում են քաղաքական գործիչները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«2014 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը Հայաստանում  կրում է ձեւական բնույթ եւ գործում է այնքանով, որքանով բխում է պաշտոնատար անձանց կոռուպցիոն շահերից: Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթին նման գնահատական է տվել  քաղաքագետ  Անդրիաս Ղուկասյանը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ քաղաքագետը կարծիք է հայտնել, որ կառավարությունը կաշկանդված չէ բյուջեի մասին օրենքով, որը սիմվոլիկ բնույթ է կրում: Նրա գնահատականները, սակայն, չի կիսել ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա շեշտել է, որ պետական բյուջեն  իրատեսական է եւ դա ասելու հնարավորություն են տալիս անցյալ տարիների բյուջեների կատարողականները:

Բյուջեն ձեւական է եւ իրականացվում է այնքանով, որքանով պաշտոնատար անձանց կոռուպցիոն շահերն են թելադրում դա իրականացնել: Իր այս կոշտ գնահատականը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը հիմնավորեց հետեւյալ փաստարկով. «2013-ի բյուջեով նախատեսված չէր կես մլրդ դոլարի պարտատոմսերի թողարկում 6 տոկոսով, որը ֆանտաստիկ բարձր տոկոս է, բայց տեսանք, որ կառավարությունն անկաշկանդ թողարկեց այդ պարտատոմսերը` ներգրավելով հսկայական գումարի պարտք»:

Այս մասով քաղաքագետին ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանն այսպես հակադարձեց. «Օրենքում կատարվել է համապատասխան փոփոխություն։ Այն օրենքը, որը կարգավորում է այդ ոլորտը եւ որը ամենեւին բյուջի մասին օրենքի հետ որեւէ աղերս չունի»։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով` կառավարությունը կաշկանդված չէ բյուջեի մասին օրենքով: Նա  վկայակոչեց նաեւ այլ գործարքներ, որոնք, նրա ձեւակերպմամբ, որեւէ կապ չունեն բյուջետային կարգավորման օրենսդրության հետ։ Ղուկասյանի դիտարկմամբ` 2014 թ-ի բյուջեի կարեւոր հատկությունն այն է, որ կառավարությունը մեկ տրիլիոնից ավելի եկամուտ է նախատեսել գանձել ժողովրդից:  Ծախսերի առնվազն 35 տոկոսը միաժամանակ դառնում է նաեւ եկամուտ, նկատում է քաղաքագետը` հավելելով, թե աբսուրդ է,  բայց ստացվում է, որ ՀՀ հանդիսանում է ամենախոշոր հարկատուն։

Ըստ Անդրիաս Ղուկասյանի` բյուջեն իրատեսական չէ, քանի որ, նրա հաշվարկներով, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մեկ միլիոնից ավելի ապրանքներ եւ ծառայություններ գնի, որ ապահովի նախատեսված ցուցանիշը, մինչդեռ, մեր տնտեսական պայմաններում, ՀՀ քաղաքացին տարեկան ծախսում է 400 հազար դրամից պակաս գումար։ 

Քաղաքագետի դիտարկումներն ու գնահատականները չկիսեց ԱԺ հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա վստահեցրեց, որ բյուջեն միանգամայն իրատեսական է եւ դրանում կարելի է համոզվել` նայելով անցյալ տարիների բյուջեների կատարողականները: Ըստ Արտակ Դավթյանի` կան դրական ակնկալիքներ նաեւ ՄՄ-ին անդամակցելու հետ կապված եւ առաջիկայում ականատես կլինենք հիմնական ուղղությունների գծով զարգացումներին, որոնց մասին քննարկումների ժամանակ մատնանշել է երկրի վարչապետը:

Անդրիաս Ղուկասյանը, սակայն, նկատեց, որ հաճախ ենք ականատես եղել տարբեր պրոյեկտների մասին հայտարարությունների, որոնք, սակայն, իրականում տեղից չեն շարժվել: Նրա բնորոշմամբ` պատճառն այն է, որ պաշտոնատար անձանց կողմից դրսեւորվող պատասխանատվություն չկա եւ հաշվետվության բացակայության պատճառով հանրությանը հայտնի չէ, թե ինչպիսին է իրականում կառավարման վիճակը երկրում:

Քաղաքագետի գնահատմամբ` Մաքսային միության հետ կապված փաստաթղթերը ավելի բաց են, քան ԵՄ-ի հետ Ասոցացման ծրագրի դեպքում էր, սակայն, նրա համոզմամբ, ՄՄ-ի տարիֆային կիրառումը Հայաստանի համար ծանր հետեւանքներ է ունենալու:

Արտակ Դավթյանի խոսքով` մշակվելու են հսկայական ծավալի փաստաթղթեր եւ բնականաբար ՀՀ-ն էլ ծանրութեթեւ է անելու իր շահը: Նա շեշտեց, որ տնտեսական մասով Հայաստանի շահը ՄՄ-ում է, իսկ Արեւմուտքի հետ քաղաքական բարեփոխումների ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։

Ցուցադրել ավելի
Back to top button