Հասարակություն

Արմավիրում մաքրվում են միջպետական, հանրապետական, նաեւ մարզային նշանակության ճանապարհները

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Սովորաբար Արարատյան դաշտավայրում համեմատաբար մեղմ ձմեռ է լինում, շատ հաճախ էլ ձմեռն անցկացնում ենք առանց ձյան: Այս դեպքում մտավախություն ունենում են գյուղատնտեսությքամբ զբաղվողները` կանխագուշակելով անբարենպաստ տարվա մասին:  Երկու օր շարունակ տեղացած ձյունը ցրեց գյուղացիներին պատած հույզերը: Այժմ իրարանցման մեջ են ճանապարհաշինարարական կազմակերպությունները:

Արմավիրի մարզի տարածքում անցնում է շուրջ 600 կմ ճանապարհ, որից 103 կմ միջպետական, 88 կմ հանրապետական նշանակության ճանապարհներ են: Այդ ճանապարհների մաքրումը սկսվել է ձյան տեղումներին զուգընթաց:

Արմավիրի մարզի 3 տարածքի` Արմավիրի, Բաղրամյանի և Վաղարշապատի  տարածքների Ճանապարհները սպասարկում են  «Ճանշինվարպետ», «Կոտայքճանշին» և «Էջմիածնի ավտոճանապարհային մեքենաներ» ձեռնարկությունները։ Արմավիրի մարզպետարանը  պետական բյուջեից հատկացված միջոցներով   իրականացնում է մարզային նշանակության ճանապարհների պահպանումը: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Համլետ Կուրղինյանը նշեց, որ ճանապարհների պահպանման և շահագործման համար պետական բյուջեից հատկացվել են միջոցներ նաև մարզային նշանակության ճանապարհների մաքրման նպատակով:

Ճանապարհաշինական ձեռնարկություններն ապահովված են տեխնիկայով, կուտակել են  անհրաժեշտ քանակությամբ աղ և ավազ: Այսօր առավոտյան  մարզի տարածքով անցնող գրեթե բոլոր ճանապարհները բաց  են եղել ու երթևեկելի, բացառությամբ մարզկենտրոնից 40 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ Բագարան համայնքի , որտեղ առատ տեղումները դժվարանցանելի են դարձրել Վանանդ, Բագարան–Երվանդաշատ ճանապարհի 15 կմ-ոց հատվածը: Որոշակի դժվարանցանելիություն կա նաև Բաղրամյանի տարածքի Շենիկ-Արգինա ճանապարհի դարձյալ բարձրադիր հատվածներում: Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Համլետ Կուրղինյանը  հավաստիացրեց, որ իրենք վերահսկում են ճանապարհների մաքրման աշխատանքները:

Ցուցադրել ավելի
Back to top button