Հասարակություն

Այս տարի «Վիքիպեդիայում» հայերեն հոդվածները հատեցին 100 հազարի սահմանը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այսօր տարին է ամփոփել «Վիքիմեդիա-Հայաստան» գիտակրթական-հասարակական կազմակերպությունը և ներկայացրել 2014 թվականի ծրագրերը: Որպես ամենամեծ ձեռքբերում կազմակերպության նախագահը մատնանշել է հայերեն Վիքիպեդիայի 100.000 հոդվածների շեմը հատելը: 

«Վիքիմեդիա-Հայաստան»- ը հիմնվել է 2013 թվականին «Վիքիպեդիայի» մի խումբ ակտիվ խմբագիրների կողմից և իր գործունեության կարճ ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր և նախագծեր: Եկող տարվա համար կազմակերպությունը մշակել է միջոցառումների և նախագծերի ավելի լայն շրջանակ, որոնց հիմնական նպատակն է աջակցել հայերեն «Վիքիպեդիայի» և մյուս Վիքի նախագծերի զարգացմանը և հայ հասարակության մեջ սերմանել ու զարգացնել ստեղծարար համագործակցության մշակույթ:

«Վիքիմեդիա-Հայաստան»- ն արդեն հասցրել է ծրագրեր իրականացնել նաև Հայաստանի  մի շարք քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում, Շուշիում, Գորիսում, Գավառում: համագործակցության ծրագրեր ունի նաև տարբեր երկրների հետ: Ինչ վերաբերում մասնագիտական բովանդակությանը, «Վիքիմեդիա Հայաստանը» շատ է կարևորում հայերենով մասնագիտական նյութերի զարգացումը հայկական համացանցում: Այդ նպատակով հունվարին ծրագրվում է կազմակերպել թեմատիկ  խմբեր քիմիայից, ֆիզիկայից, մաթեմատիկայից, կենսաբանությւոնից և այլն: Նախատեսվում է նաև կազմակերպել ճամբար, որտեղ բոլոր ակտիվ մասնակիցները մասնագետների օգնությամբ կկարողանան բարելավել իրենց կողմից գրված հոդվածները:

Լավագույն ներդրումը կատարած մասնակցին հնարավորություն կընձեռվի  մեկնել Լոնդոն, որտեղ 2014 թվականին կկայանա «Վիքիմանիա» համաշխարհային վիքիկոնֆերանսը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button