ԿարևորՔաղաքական

ՍԾՏՀ նախագահությունը Հայաստանից փոխանցվեց Բուլղարիային (ֆոտոշարք)

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երեւանում այսօր տեղի ունեցավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ հանդիպումը: Օրակարգում էին ՍԾՏՀ երկրների միջեւ տնտեսական համագործակցության խորացման, կազմակերպության արդյունավետության բարձրացման, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում անդամ-պետությունների համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման, ՍԾՏՀ և միջազգային կազմակերպությունների ԵՄ համագործակցության խթանման hարցերը:

Բացելով արտգործնախարարների խորհրդի նիստը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփեց ՍԾՏՀ-ում Հայաստանի վեցամսյա նախագահության ընթացքում իրականացված գործունեության արդյունքները: Նախարար Նալբանդյանը նշեց, որ նախագահության ժամանակահատվածում առաջ են քաշվել մի շարք նախաձեռնություններ` ուղղված «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տնտեսական օրակարգի` խորացված գործընկերությանն ընդառաջ» և «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հանրային կապի ռազմավարության» դրույթների կյանքի կոչմանը:

Նախարարների խորհրդի նիստի ավարտին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից Բուլղարիայի ԱԳ նախարար Կոնստանտին Վիգենինին ՍԾՏՀ նախագահության հանձնման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Բուլղարիայի արտգործնախարար Կրիստիան Վիգենինի եւ ՍԾՏՀ գլխավոր քարտուղար համատեղ մամուլի ասուլիսը։

Բուլղարիայի արտգործնախարարը փոխանցեց, որ իրենց նախագահության ընթացքում ուշադրություն են սեւեռելու հատկապես մի քանի հարցերի վրա, մասնավորապես` տրանսպորտային խնդիրներ, երիտասարդություն եւ սպորտ, կազմակերպված հանցավորության դեմ պայքար եւ բնության պահպանություն: Ըստ ՍԾՏՀ նախագահությունը ստանձնած Բուլղարիայի արտգործնախարարի` այդ հարցերը կարեւոր են եւ պետությունների եւ երկրների բնակիչների համար:

Քրիստիան Վիգենի խոսքով` ինչպես Հայաստանը, իրենք նույնպես շարունակելու են մեծացնել կազմակերպության, այսպես ասած, տեսանելիությունը եւ ներդաշնակ համագործակցություն ստեղծել այլ համագործակցային ձեւաչափերի առաջնահերթությունների միջեւ: Ցանկություն կա ընդլայնել նաեւ ԵՄ-ի հետ հետաքրքրության շրջանակները: «Կուզենայինք օգնել մասնակից երկրներին` իրենց տնտեսությունների հետագա զարգացման գործում եւ արդյունքները տեսանելի դարձնել` նպաստելով նաեւ տարածաշրջանային խաղաղությանը»,-իր խոսքը եզրափակեց կազմակերպության նախագահությունը ստանձնած Բուլղարիայի արտգործնախարար Քրիստիան Վանգելեն։

Ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին` Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ նաեւ թուրքական մամուլի վերջին օրերի հրապարակումներին, որոնց համաձայն` հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը կապակցվել էր ԼՂ հարցի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուն շեշտեց, որ Հայաստանի եւ միջազգային հանրության դիրքորոշումն այս հարցում հստակ է։

Արտգործնախարարը պատասխանեց նաեւ հարցին, թե արդյո՞ք առանձին հանդիպում նախատեսվում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ եւ եթե այո, ապա` ինչի՞ մասին են խոսելու: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ հանդիպումներ են նախատեսված ՍԾՏՀ նախարարների խորհրդի մասնակից պատվիրակությունների ղեկավարների հետ, այդ թվում նաեւ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ: «Իսկ թե ինչի մասին ենք խոսելու հանդիպման ժամանակ` կհայտնենք հանդիպումից հետո»,- եզրափակեց մեր երկրի արտաքին քաղաքական  գերատեսչության ղեկավարը:

Ցուցադրել ավելի
Back to top button