Միջազգային

Յանուկովիչը համաձայն է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, Ուկրաինայի փոխվարչապետը մեկնում է Բրյուսել

Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի գլխավորած պատվիրակությունն այսօր կայցելի Բրյուսել, ԻՏԱՌ-ՏԱՍՍ- ին հայտնել է ընդյալնման և հարևանության քաղաքականության հարցերի եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն:

«Եվրահանձնակատարը պատվիրակության հետ հանդիպման ժամանակ պատրաստվում է քննարկել ասոցացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման և իրականացման  ուղիները»,- ասել է Ստանոն: Նա նշել է, որ Ֆյուլեի և Արբուզովի հանդիպումը համաձայնեցվել է Եվրամիության արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի Կիև կատարած այցի համատեքստում։

Իսկ ահա Էշթոնը Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է կարճ ժամկետում ստորագրի Եվրամիության  հետ Ասոցացման պայմանագիրը։ «Նախագահն ինձ վստահեցրել է, որ մտադիր է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»,- նշել է Էշթոնը: Նա կոչ է արել ուկրաինական իշխանությոններին երկխոսություն հաստատել ընդդիմության հետ՝ կարգավորելու համար երկրում ստեղծված բարդ իրավիճակը:

ԱՄՆ էլ  քննարկում է Ուկրաինայի կառավարության նկատմամբ գործողության տարբերակներ և չի բացառում քաղաքական և տնտեսական պատժամիջոցների կիրառումը: «Սակայն դեռ, որևէ որոշում չկա»,- հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Կիևում տեղի ունեցած իրադարձությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button