Հասարակություն

ՄԻՊ զեկույցին այսօր անդրադարձավ նաեւ Փաստաբանների պալատը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» արտահերթ զեկույցին այսօր անդրադարձել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որը զեկույցը բաժանել է երկու մասի։

«Առաջին մասը նվիրվել է դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներին և կաշառքի սակագներին։ Այս հատվածը իրավական տեսանկյունից հիմնավորված չէ, քանի որ հրապարակման մեջ խոսքը գնում է քրեականացված արարքների մասին, ինչպիսիք են կաշառք տալը, կաշառք ստանալը և կաշառքի միջնորդությունը՝ առանց կոնկրետ փաստերի և կոնկրետ սուբյեկտների վկայակոչման։ Մինչդեռ անանուն աղբյուրներից ստացված հանցավոր արարքների մասին այսպիսի տեղեկություններ հրապարակելը պաշտոնատար անձի կողմից ոչ միայն արդյունավետ չէ, այլ նաև հասարակության մոտ խորացնում է հիասթափությունը արդարադատության համակարգի նկատմամբ։

Երկրորդ մասը նվիրվել է արդարադատության խորհրդի և վճռաբեկ դատարանի կողմից թույլ տրված խախտումներին և երկակի ստանդարտներին։ Այստեղ իրավական տեսանկյունից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է կոնկրետ փաստեր և կոնկրետ վերլուծություն, որը պետք է համապատասխան ազդանշան հանդիսանա Հայաստանի Հանրապետության իշխանության երեք ճյուղերի համար։ Հատկանշական է, որ այս էական մասը հանրային լայն քննարկման առարկա չի դարձվում։

Ինչ վերաբերում է զեկույցում կոռուպցիայի մասով որպես անանուն աղբյուր հիշատակված փաստաբաններին,  որոնք անուղղակիորեն հասարակության կողմից կարող են ընկալվել, որպես միջնորդներ, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատը պայքար է հայտարարել միջնորդ փաստաբանների դեմ և շնորհակալ կլինի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից կամ որևէ այլ անհատից, եթե օգնեն բացահայտել և փաստաբանական համայնքի շարքերից հեռացնել այդպիսի փաստաբաններին»,- հայտարարել է պալատի նախագահը։

Ցուցադրել ավելի
Back to top button