Հասարակություն

Հայ առաքելական սուրբ եկեղեցին դեմ է դիակիզմանը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Թաղո՞ւմ, թե՞ դիակիզում» թեման այսօր քննարկել են Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպության ինժեներ Ռազմիկ Հարությունյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծիսահայեցակարգային գրասենյակի պատասխանատու տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Հոգևորականը դեմ է դիակիզմանը,իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչն էլ պնդում է, որ օր առաջ պետք է կառուցվի դիակիզարան, քանի որ մի քանի տարի հետո Երևան քաղաքում հողատարածք այլեւս չի լինելու։

2006 թ. ԱԺ ընդունել է  «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքը, ըստ որի՝ թույլատրվում է կամավոր դիակիզումը։ Կառավարությունն էլ որոշում է ընդունել դիակիզարանի կառուցման մասին, բայց այսօրվա դրությամբ Հայաստանում դիակիզարան չկա։

Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպության ինժեներ Ռազմիկ Հարությունյանը նշում է, որ ինքն անձամբ կողմ է դիակիզմանը և օր առաջ պետք է կառուցվեն, քանի որ երկու-երեք տարի հետո Երևան քաղաքում հողատարածքի խնդիր կլինի։

Մեկ ընտանիքին հատկացվում է 12 ք. մ տարածք, և երբ դա վերջանում է, վեճեր են առաջանում, գործը գնում է մինչև դատարան, իսկ այդքան տեղում 40-50 սափոր հնարավոր կլիներ տեղադրվել, ասում է Հարությունյանը՝ հավելելով. «Հիմա տարածք չկա Երևանում, ամբողջ հողերը սեփականացված են»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծիսահայեցակարգային գրասենյակի պատասխանատու տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանն ի պատասխան քաղաքապետարանի ներկայացուցչի նշում է, որ  դիակիզման երևույթը խորթ է մեր հոգեկերտվածքին։ «Քրիստոնեության ընդունումից հետո դիակիզում չի եղել, ու  թաղման ծեսն է մեզանում ընդունված»,- ասում է։

«Քաղաքապետարանն է գույները խտացնում ու  միֆ է, թե դիակիզման դեպքում ամեն ինչ էկոլոգիապես մաքուր կլինի: Ցանկության դեպքում հնարավոր է կանոնակարգել հարցը և տարածքներն էլ կհերիքեն: Այսօր մեկին տրամադրում են դամբարաններ, մյուսի համար տեղ չկա: Քաղաքապետարանը իր մեջ կամք պիտի գտնի այս խնդիրը լուծելու: Թաղումը ծիսական մի արարողություն է, որով մարդուն ճանապարհ ենք դնում այն աշխարհ»,- ասում է տեր Զաքարիան։

Ըստ վարդապետի՝  դիակիզարան ունենալն էլ, դիակիզումն էլ թանկ «հաճույք» են։

Ցուցադրել ավելի
Back to top button