Հասարակություն

Ամփոփվեցին հայկական մանկավարժական եւ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանների համագործակցության արդյունքները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

2011 թվականից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը համագործակցում է Ֆինլանդիայի Օուլուի  համալսարանի հետ: Համագործակցության նպատակն է բարեփոխել բարձրագույն մանկավարժական կրթությունը Հայաստանում մանկավարժական համալսարանի առաջնորդությամբ: Այսօր տեղի է ունեցել ծրագիրն ամփոփող կոնֆերանսը, որի ընթացքում կողմերը ներկայացրել են արված աշխատանքներն ու տվել գնահատականներ։

«Կրթության որակ և համապատասխանություն»  երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Օուլուի  համալսարանի համագործակցային ծրագիրն ավարտվեց: Համագործակցությունը շահեկան էր ինչպես մանկավարժական, այնպես էլ Օուլուի  համալսարանի համար: Ամփոփելով համագործակցության համատեղ աշխատանքը՝  մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ եռամյա ծրագրի արդյունքում բուհում այժմ գործում է ուսանողական մասնագիտական պրակտիկայի կազմակերպման միանգամայն այլ մոտեցում։

Գաղտնիք չէ, որ բուհական կրթության ոլորտում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջազգային աջակցությունը լինում է կամ ֆինանսական, կամ բովանդակային: Այս համագործակցությունը այն եզակի ծրագրերից է, որտեղ մեկտեղված է և ֆինանսական, և բովանդականին աջակցությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։

Նշենք, որ Օուլուի համալսարանի աջակցությամբ Բոլոնիայի գործընթացի համատեքստում արդիականացվել է մանկավարժների, ուսուցիչների պատրաստման գործընթացը, վերանայվել և բարելավվել են որակավորման աստիճանների և ուսումնական կրեդիտների ներդրման,  գնահատման համակարգերի մշակման ու հաստատման, ինչպես նաև ուսումնամեթոդական համալիրի կատարելագործման աշխատանքները։

Բարելավվել  են նաև մանկավարժական կրթության  բնագավառում հետազոտություններ կատարելու և դրանց արդյունքները կիրառելու մանկավարժական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության կարողությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button