Հասարակություն

Սեւանը կարող է վերածվել ձկնաբուծարանի, ահազանգում են բնապահպանները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայ բնապահպանները մտահոգված են կառավարության կողմից ձեռնարկվող ծրագրերում բարձր ռիսկերի առկայությամբ։ Էկոլոգիական հասարակական դաշինքն այսօր ահազանգեց՝ վտանգված է Սևանա լիճը: Գործադիրը մի կողմից նախատեսում է լիճը վերածել ձկնաբուծարանի, մյուս կողմից՝ ավելացնել ջրի բացթողման ծավալները: 

Սևանա լիճը կարող է վերածվել ձկնաբուծարանի: Համենայն դեպս՝ նման ապագա է խոստանում «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը», որը կարող է հաստատվել մոտ ժամանակներս կառավարության կողմից, ահազանգում է  «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ըստ նրա՝ ծրագրի իրականացումը կհակասի «Սևանա լճի մասին» գործող օրենքի պահանջներին։

Ծրագրով նախատեսվում է 10 տարվա ընթացքում իշխանի տեղական տեսակների պաշարները լճում հասցնել մինչև 50 հազար տոննայի, ինչը, բնապահպանի բնորոշմամբ, ահավոր մեծ թիվ է: Այս նպատակին հասնելու համար 74 տնտեսություններ պետք է օգտագործեն նույն քանակությամբ արհեստական ֆոսֆորային, ազոտական և օրգանական ձկան կեր, ինչը կարող է մեծ վտանգ ներկայացնել Սևանա լճի քաղցրահամ ջրերի համար: Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը «կողմ է» արտահայտվել այս ծրագրին՝ պատրաստակամություն հայտնելով վերահսկել այն։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տեղում կառուցել երկու գործարան՝ մանրաձկների և ձկան կերի արտադրության համար: Ընդհանուր առմամբ՝ ծրագիրը բիզնես-պլան է, որը, ըստ էության, մեծ վտանգ է ներկայացնում Սևանա լճի համար, ասում են բնապահպանները։

Նրանց մտահոգել է գործադրի կողմից մշակված մի օրինագիծ, ըստ որի՝ Սևանա լճից ջրի բացթողման ծավալները պետք է ավելանան ներկայունս տարեկան  170 միլիոն խմ-ից մինչև 240 միլիոն խմ: Այն պայմանավորված է ջրային պաշարների սխալ կառավարմամբ, նշում է Ինգա Զարաֆյանը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button