Միջազգային

Ուկրաինայում են ԵՄ գերագույն հանձնակատարը եւ ԱՄՆ փոխպետքարտուղարը

Եվրամիության արտաքին հարցերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը երեկ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, տեղեկացրել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը: Կողմերից ոչ մեկը չի բացահայտել հանդիպման մանրամասները, որը տևել է երեք և կես ժամ: Միաժամանակ՝ եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը սոցցանցում հայտնել է, որ քննարկվել են անհրաժեշտ բոլոր հարցերը:

Յանուկովիչի հետ բանակցելուց հետո Էշթոնը երեկ ուշ երեկոյան  այցելել է Կիևի Անկախության հրապարակ: «Ձեր նախագահի հետ քննարկել եմ ճգնաժամից դուրս գալու ուղիները», -ցուցարարներին ասել է նա: Էշթոնն այս գիշեր հանդիպել է նաև ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչների հետ և քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը։

Նախագահ Յանուկովիչի հետ մտադիր է հանդիպել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը։ Նա եւս Կիեւում է եւ հանդիպել է ընդդիմադիր առանցքային ուժերի առաջնորդների հետ` «Բատկիվշչինայից» Արսենի Յացենյուկի, «Սվոբոդա» ազգայնական միավորումից Օլեգ Տյագնիբոկի և «ՈւԴԱՐ» կուսակցությունից Վիտալի Կլիչկոյի հետ: Նուլանդը հույս է հայտնել, որ քաղաքական ճգնաժամը Ուկրաինայում կլուծվի խաղաղ կերպով։

Ցուցադրել ավելի
Back to top button