Հասարակություն

Հակապետական, հակաօրինական, իրականության բացարձակ չհամապատասխանող. դատավորները ՄԻՊ ելույթի մասին

Հայաստանի Հանրապետության դատավորների միությունն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» հատուկ զեկույցին եւ խստորեն դատապարտել  «հակապետական,  հակաօրինական, իրականությանը բացարձակ չհամապատասխանող, սիրողական
մակարդակի ուսումնասիրությունների վրա հիմնված, դատական իշխանությունն ու
դատավորի բարձր կոչումը նսեմացնող արտահերթ զեկույցը»:

 

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը
հայտարարում է.
• հիմնազուրկ դատողություններից բաղկացած հիշատակված զեկույցը պետական և հասարակական կարգի ապակայունացման լուրջ վտանգ է պարունակում, որը միտված է դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում թյուր պատկերացումների ձևավորմանը
• զեկույցն ամբողջությամբ երևակայության արդյունք է և արժեզրկում է ոչ միայն արդարադատության իմաստն ու բովանդակությունը, այլ նաև այդօրինակ երևակայություն ունեցողի իրական առաքելության իմաստը
• պրոֆեսիոնալ մարմինը գրավոր, թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ պետք է և պարտավոր է ներկայացնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու
համադրելի արդյունքներ, որպիսիք զեկույցում իսպառ բացակայում են
• զեկույցում փողոցային բամբասանք հիշեցնող անհեթեթ տեղեկություններ ներառելը հարիր չէ իրավական պետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին՝ ընդհանրապես և այդ պաշտոնը զբաղեցնող անձին՝ մասնավորապես:

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդն ավելորդ չի
համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հիշեցնել.
• Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է ղեկավարվել օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի
հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին («Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 5-րդ հոդվածներ)
• Պաշտպանը պետք է տեղյակ լիներ բազմաթիվ միջազգային ակտերի գոյության մասին, որոնցում ամրագրված է դատարանների հեղինակությունը հարգելու և այն արատավորող գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու պահանջը, որն ուղղված է դատարանների անկախությունն ապահովելուն:

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը, անթույլատրելի
համարելով հանրության մոտ դատարանների ու դատավորների վերաբերյալ անվստահություն սերմանելու դիտավորությունը, կարևորելով դատարանի՝ որպես արդարադատություն իրականացնող միակ մարմնի հեղինակությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է.
• հարգել դատավորի սահմադրական կարգավիճակը
• անշեղորեն պահպանել օրինականության սկզբունքը
• ձեռնպահ մնալ դատարանի հեղինակությունն արատավորող հիմնազուրկ
դատողություններ հրապարակելուց»։

Ցուցադրել ավելի
Back to top button