ԿարևորՎերլուծական

Դավութօղլուի այցից ոչինչ ակնկալել պետք չէ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան ոչինչ չի կարող տալ, քանի որ դա ոչ թե այց է Հայաստան, այլ` ընդամենը ՍԾՏՀ-ի Երեւանում կայացող միջոցառմանը մասնակցություն, այսօր ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա գնահատմամբ` Թուրքիան, նաեւ մեր լրատվամիջոցների մեղսակցությամբ, կարողացել է տպավորություն ստեղծել, թե դա, կարծես թե, Երեւան պաշտոնական այցելություն է եւ ինչ-որ բան պետք է ակնկալել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: 

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի գնահատմամբ` հասկանալի է, որ հասարակական-քաղաքական դաշտում ինչ-որ սպասումներ կան  Թուրքիայի արտգործնախարարի այցից, միաժամանակ, սակայն, նրա խոսքով, բոլորի համար հասկանալի է նաեւ, որ որեւէ շրջադարձային բան հայ-թուրքական հարաբերություններում պետք չէ սպասել։

Այն, որ հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ բան ակնկալելու հիմք չկա, շեշտեց նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանը: Նա նկատեց, որ Թուրքիայի արտգործնախարարը Երեւան է գալիս ընդամենը մասնակցելու տարածաշրջանային մի կազմակերպության ժողովի: Մանոյանի խոսքով` Թուրքիան իր կեցվածքը չի փոխել: Վերլուծաբանը նկատեց, որ սրանից առաջ էլ կար հնարավորություն, որ արտգործնախարարները հանդիպեին, սակայն դա տեղի չի ունեցել։

Թուրքիայի ցանկությունը մեկն է` ստեղծել տպավորություն, թե ինչ-որ գործընթաց կա Հայաստանի ու հայության հետ: Մինչդեռ նման գործընթաց չկա եւ դա կասեցվել է դեռ այն ժամանակ, երբ Թուրքիան դադարեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, նկատում է Մանոյանը։ Ակնհայտ է, որ դրանով Թուրքիան ցույց տվեց, որ շարունակում է թշնամական վերաբերմունք ունենալ Հայաստանի նկատմամբ: Սերգեյ Մինասյանը նույնպես նկատեց, որ Թուրքիան որեւէ քայլ չի արել, որը հնարավորություն տա կարծելու, թե հնարավոր է ինչ-որ զարգացում լինի: Նրա խոսքով` Թուրքիան պատրաստ չէ դրան:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ թուրքական մամուլում շատ է շրջանառվում ԼՂ տարածքների հետ կապված խնդիրը` Կիրո Մանոյանը շեշտեց, որ այդ առնչությամբ իր մտահոգությունները կապ չունեն այն բանի հետ, որ այդ մասին թուրքական մամուլն է գրում: Նրա համոզմամբ` այդ առնչությամբ թուրքական մամուլի հրապարակումներն ավելի շուտ սադրանք են, ապատեղեկատվություն եւ իրականության հետ առնչություն չունեցող։

Անդրադառնալով հայկական մամուլում հրապարակված տեղեկություններին` հարաբերությունները կարգավորելուն ուղղված ճանապարհային քարտեզի առկայության մասին, Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, որ դա էլ հայկական մամուլի հնարքն էր` փորձելու անել այն, ինչը փորձում է անել եւ թուրքական մամուլը: Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի գնահատմամբ` թե Թուրքական, թե հայկական մամուլի տվյալ հրապարակումները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում։

Կիրո Մանոյանը նկատեց նաեւ, որ նման ճանապարհային քարտեզի գոյությունը պաշտոնապես հերքվեց Հայաստանի արտգործնախարարության կողմից: ՀՅԴ ներկայացուցչի խոսքով՝ սակայն, նման ճանապարհային քարտեզը վատ չէր լինի, եթե Հայաստանը Թուրքիային ասած լիներ, որ նախ պետք է ճանաչի ցեղասպանությունը, հարաբերություններ հաստատի, շրջափակումը վերացնի, հետո նոր խոսվի ԼՂ հարցի մասին այն կտրվածքով, թե ինչ կարող է Թուրքիան անել` զսպելու համար Ադրբեջանին։

Կիրո Մանոյանը կարծում է, որ քանի դեռ Թուրքիայի նպատակը միայն Հայաստանի հետ ինչ-որ գործընթացի տպավորություն ստեղծելն է` 2015-ին` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, մեր դիվանագիտությունը պետք է բոլորին հիշեցնի, որ Թուրքիայի հետ որեւէ գործընթաց չկա հենց Թուրքիայի մեղքով: Ըստ վերլուծաբանի` դա էլ բավարար է, որ Հայաստանը ետ վերցնի իր ստորագրությունները հայ-թուրքական արձանագրություններից, որպեսզի Թուրքիային նման տպավորություն ստեղծելու համար որեւէ լծակ չտա:

Հարաբերություններ հաստատելու համար էլ, Կիրո Մանոյանի խոսքով, բավարար է ընդամենը մեկ փաստաթուղթը, որտեղ կարձանագրվի երեք կետ: Նախ՝ հարաբերություններ են հաստատում, Թուրքիան սահմանը բացում է եւ հետո` երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բոլոր հարցերը լուծվում են միջազգային իրավունքով: Եթե նման ցանկություն ունի Թուրքիան, ապա այդպիսի փաստաթուղթը կստորագրի, եթե ոչ` ուրեմն իմաստ չունի ժամանակ վատնել, եզրափակեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ դատի հանձնախմբի պատասխանատուն։

Ցուցադրել ավելի
Back to top button