ԿարևորՔաղաքական

Բյուջե 2014- ին կաջակցեն միայն կոալիցիոն ուժերը, մյուս խմբակցությունները դեմ են քվեարկելու

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդրարանն այսօր շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Նիստը մեկնարկել է նախորդ օրը քննարկված մոտ մեկ տասնյակ օրինագծերի քվեարկությամբ: Այն նախագծերի քվեարկությանը , որոնք կառավարությունն անհետաձգելի է համարել,  ԲՀԿ-ն, ինչպես նախապես էր հայտարարել ,  չի մասնակցել:  Խորհրդարանական օրվա երկրորդ կեսին Ազգային ժողովը վերսկսել է  նոյեմբերի 15-ին ընդհատված բյուջետային քննարկումը։ Ֆինանսների նախարարը ներկայացրել է հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի լրամշակված տարբերակը: Դավիթ Սարգսյանի պարզաբանմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովներից, խմբակցություններից ու պատգամավորներից գործադիրը բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու 326 առաջարկ է ստացել, դրանցից ընդունելի է համարել 31-ը, 208-ի քննարկումը նպատակահարմար է համարել առաջիկա տարիների ընթացքում, իսկ 87-ը մերժել է:  Բյուջեի քննարկումը Ազգայաին ժողովը կկազմակերպի վաղը։

Նախորդ օրը քննարկված  օրինագծերի քվեարկությունից հետո և մինչև  բյուջետային քննարկումների վերսկսկում խորհրդարական կրքերը թեժացրեց «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Կառավարությունն առաջարկում է վերանայել Արարատյան դաշտավայրում   ձկնաբուծության նպատակով օգտագործվող ջրի  բնօգտագործման վճարի հաշվարկման գործող կարգը: Փոփոխությունը արտոնության վերացում և բնօգտագործման վճարի  ավելացում է ենթադրում, իսկ  բնապահպանական տեսանկյունից, ըստ նախարար  Արամ Հարությունյանի, խոստանում է   ջրային ռեսուրսների օգտագործման ավելի կանոնակարգված եւ հավասարակշռված իրավիճակ ստեղծել։

Այն հարցում,  որ նախագիծը բնապահպանական խնդիր է լուծում, իսկ փոփոխությունները միտված են Արարատյան դաշտի ջրային պաշարների օգտագործման կանոնակարգմանը, պատգամավորներն առարկություններ չունեն: Բայց մտահոգություններ ունեն փոփոխությունների տնտեսական հետևանքների առումով: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նկատեց. նախագծի հիմնավորման մեջ գործադիրը լիրաժեք չի ներկայացրել փոփոխությունների ազդեցությունը տնտեսական միջավայրի վրա: Պատգամավորը մտավախություն ունի, որ  ձկնաբուծության համար հումքային  նշանակություն ունեցող ջրի գնի տասնանգամյա բարձրացումը չի կարող չբարձրացնել արտադրվող ձկան ինքնարժեքն ու վաճառքի գինը։ «Ես բոլորովին դեմ չեմ ջրային ռեսուրսների պաշտպանությանը, բայց կարծում եմ, որ միանգամից 10 անգամ գին բարձրացնելը տնտեսական առումով անհետևանք չի կարող մնալ»,- ասում է ԱԺ փոխնախագահը։

Նույն մտահոգությունն ուներ նաև ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր ՝ Արփինե Հովհաննիսյանը։ «Այո, այսօր ջրի խնդիրը ազգային անվտանգության և չափազանց կարևոր խնդիր է: Բայց որ նախագիծն էլ միակողմանի  է և հարվածելու է տնետսվարող սուբյեկտներին, սա էլ ակհնայտ է»,- ասաց։

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տնտեսագիտական հաշվարկների մեջ չմտավ.  նրան չէին  գոհացրել պատգամավորների հարցերին պատասխանելիս բնապահպանության նախարարի  շեշտադրումներից մի քանիսը: Հենց այդ պատճառով Մարուքյանը որոշեց խոսել ոչ թե ձկնարտադրության կամ ջրային պաշարների պահպանության, այլ՝ նախարարի պահվածքի մասին։ «Չեմ կարծում, որ կառավարությունը Ձեզ այստեղ է գործուղել պատգամավորներին վիրավորելու համար: Դուք մեր տանն եք  և պետք է Ձեզ պահեք այնպես, ինչպես ԱԺ կանոնակարգն է հորդորում»,- ասում էր պատգամավորը։

Դուք խորը մոլորության մեջ եք, հարց տալը Ձեր իրավքունքն՝ այսպես էր արձագանքել պատգամավորների հարցերին բանապահպանության նախարարը երեկ՝ ըստ էության չհամաձայնելով պատգամավորների մտահոգությունների մեծ մասի հետ։

Արտահերթ ելույթով հանդես եկավ նաև ԱԺ նախագահը, ում կարծիքով կառավարությունը պետք է հստակեցնի,  թե որն է իր հիմանկան խնդիրը. եթե նպատակը  ջրային պաշարաները պահպանելն է, ապա Հովիկ Աբրահամյանը կառավարության ուշադրությունն այլ հարցի վրա է հրավիրում։ «Մենք օգտագործում ենք 1.6 մլրդ խորանարդ մետր ջրային ստորգետնյա պաշարներ, մոտ 600-700 մլն-ով ավելի, քան իրավուքն ունեինք: Չեմ էլ ուզում անդրադառնալ, թե ինչո՞ւ ենք այդքան թույլտվություններ տվել պաշարների օգտագործմանը: Հիմա այդ 1.6 մլդ-ի մեջ ինչքա՞ն է ապօրինի օգտագործվում»:

Այնուամենայնիվ՝ ԱԺ նախագահն առաջարկեց ընդունել օրենքի նախագիծը, բայց Արամ Հարությունյանին հորդորեց առաջիկայում  խորհրդարանին  համալիր ծրագիր ներկայացնել: Նման փաստաթուղթ ներկայացնելու առաջարկին բնապահպանության նախարարը առարկություն չուներ:  Ինչ վերաբերում է ձկան գնին, Արամ Հարությունյնաը կրկնեց երեկ հնչեցրած պատասխանը: Բնօգտագործման վճարի բարձրացման հետ ձկան գնի մեծ աճի սպասումները հիմնավորված չեն.  մասնագետների  հաշվարկներով՝  ձկան գնի աճը կլինի աննշան, քանի որ ինքնարժեքի 2-3 տոկոսով բարձրացում է նախատեսվում։

Եվ վերջապես՝ բնապահպանության նախարարը տարակուսած էր. իր ո՞ր տոնից են վիրավորվել պատգամավորները: «Դուք ասում եք՝ մեր տուն ես եկել, քեզ խելոք պահի: Ի՞նչ եմ արել, չարությո՞ւն եմ արել։ Բայց խնդրում եմ չմոռանաք, որ այս տունը նաև մերն է եղել ՝ մինչև ձեր այստեղ գալը»:

Խորհրդարանական օրվա վերջին նիստի ընթացքում Ազգային ժողովը վերսկսեց նոյեմբերի 15-ին ընդհատված բյուջետային քննարկումը: Բյուջե 2014- ի լրամշակված տարբերակը պատգամավորներին ներկայացրեց ֆինանսների նախարարը:  Դավիթ Սարգսյանի պարզաբանմամբ ՝ կառավարությունն ԱԺ մշտական հանձնաժողովներից, խմբակցություններից ու   պատգամավորներից 326 առաջարկություն է ստացել: Դրանք հիմնականում վերաբերել են բյուջեում  տարբեր նպատակների ֆինանսավորման համար հատկացումների նախատեսմանը կամ դրանց ավելացմանը:

Ըստ նախարարի՝ եղել են նաև բյուջետային եկամուտների ավելացմանը վերաբերող առաջարկություններ։ Ընդհանուր առմամբ՝ պատգամավորների առաջարկների  ֆինանասկան արժեքը, Դավիթ Սարգսյանի ամփոփմամբ, եկամտային մասում կազմել է 196.5, իսկ ծախսերում ՝ 299 մլրդ դրամ։ «Ներկայացված առաջարկությունների քննարկման արդյուքնում՝ կառավարությունն ամբողջությամբ կամ մասանկի ընդունելի է համարել 31-ը, 208-ին տրվել են պարզաբանումներ կամ կառավարությունը դրանց քննարկումը հնարավոր է համարել առաջիկա տարիների ընթացքում: Ընդունելի չի համարվել 87 առաջարկություն կամ առաջարկությունների ընդհանուր թվի 26.7 տոկոսը»:

Բյուջե 2014-ը քվեարկության կդրվի վաղը: Այն ամենայն հավանականությամբ կարժանանա կոալիցիոն ուժերի ՝ ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի պաշտպանությունը: Խորհրդարանական մյուս ուժերն այսօր հայտարարեցին դեմ քվեարկելու մտադրության մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button