ԿարևորՀասարակություն

Ամանորյա միջոցառումների համար կծախսվի 60 մլն դրամ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հաշված օրեր են մնացել տարեմուտին և ինչպես յուրաքանչյուր տարի Երևանի քաղաքապետարանն ամանորյա միջոցառումներ է նախատեսել մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար: Դրանցից զատ յուրաքանչյուր  համայնք իր տարածքում կկազմակերպի նաև յուրօրինակ հանդիսություններ, որոնք կհամեմվեն զանազան անակնկալներով։

2014 թվականի ամանորյա տոնակատարություններին ընդառաջ բոլոր վարչական շրջաններում ընթացքի մեջ են մայրաքաղաքի տոնական զարդարման աշխատանքները, որոնք կավարտվեն  դեկտեմբերի 17-ին և այդ օրը ժամը 19.00-ին Երևանի քաղաքապետը Հանրապետության հրապարակում կմիացնի գլխավոր տոնածառի լույսերը, կտրվի ամանորյա ավանդական  միջոցառումների մեկնարկը:

Քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի տեղեկացմամբ`  հրապարակի գլխավոր տոնածառի բարձրությունը 32 մետր է, այն ձևավորվել է սոճու 6000 ճյուղերով, զարդարվել շուրջ 500 խաղալիքներով և 38 հազար  լուսադիոտային լամպերով։

Իսկ այսօրվանից  մինչև  հունվարի 13-ը  Հյուսիսիային պողոտայում երաժշտության ելեևէջների ներքո կգործի ամանորյա տոնավաճառը՝ հատուկ ձևավորած տնակներով, լուսային և դեկորատիվ տարրերով։

Բացի ամանորյա տոնավաճառից մինչև դեկտեմբերի 29-ը  կգործի նաև գյուղատնտեսականը: Կոմիտաս- Կասյան փողոցներում և Մաշտոցի պուրակում  մատչելի գներով մեր համաքաղաքացիները կարող են զարդարել իրենց  ամանորյա սեղանները։ Իսկ փոքրերի համար քաղաքապետարանը հատուկ անակնալներ է պատրաստել.  դեկտեմբերի 18-ից ձիերով կառքերն անվճար փոքրերին կպտտեցնեն  տոնածառի շուրջ, ամսի 25-ից թատրոններում կմեկնարկեն տոնական  միջոցառումները, դեկտեմբերի 31-ին էլ Հանրապետության հրապարակում կլինի  տոնական մեծ համերգ, որը կտևի մինչև ուշ գիշեր և կուղեկցվի հրավառությամբ։

Տոնական տրամադրությունն ապահովելու համար քաղաքապետարանի կողմից գեղարվեստական լուսավորությամբ զարդարված կենտրոնական ավելի քան 50 փողոցները և լուսային ձևավորում ստացած  300-ից ավելի ծառները կզարդարեն բոլոր վարչական շրջանները: Հատուկ ձևավորում կստանան նաև կենտրոնական մի շարք շենքեր և տրանսպորտայի միջոցներ:

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ «Ամենագեղեցիկ տոնական  ձևավորում» անվանակարգով: Մրցույթի արդյունքում յուրաքանչյուր վարչական շրջանից կընտրվեն լավագույն ձևավորում կատարած  կազմակերպությունները , որոնք էլ կպարգևատրվեն տոներից հետո: Մրցույթին կմասնակցեն նաև կրթական ու մշակութային հաստատությունները, որոնք լավագույնս կձևավորեն իրենց շենքերի արտաքին տեսքը:

Ինչպես նախորդ տարի այս տարի նույնպես արտաքին ձևավորման  աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 20 միլիոն, իսկ միջոցառումների համար`  40 միլիոն դրամ:

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button