Հասարակություն

Ցեղասպանության ականատեսների վկայությունները լույս են տեսել թուրքերեն

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ռագըպ Զարաքոլուի ղեկավարած «Բելգե» հրատարակչությունում Թուրքիայում լույս է տեսել  բանասիրական գիտությունների դոկտոր  Վերժինե Սվազլյանի «Հայոց  ցեղասպանություն. Ականատես վերապրողների  վկայություններ»  գրքի թուրքերեն հրատարակությունը: Այդ առիթով թուրք մտավորականը Երևանում է և այսօր մասնակցել է Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցած շնորհանդեսին : Հիշեցնենք, որ գրքի հայերեն և անգլերեն  տարբերակները հրատարակվել են ավելի վաղ: Աշխատությունն ընդգրկում է  Հայոց ցեղասպանությունից փրկված սերնդից  անմիջականորեն գրի առնված  700 միավոր  բանավոր վկայություններ և պատմական բնույթի  երգեր։

1955 թվականից  անձնական նախաձեռնությամբ  Վերժինե Սվազլյանը  բառ առ բառ  գրառել, ձայնագրել, տեսագրել և հրատարակել է պատմական Հյաստանի ավելի քան  150 տեղավայրերից  բռնի տարագրված, Հայաստանում և Սփյուռքում   բնակություն հաստատած  ականատես վերապրողների  հաղորդած վկայություններն ու պատմական բնույթի երգերը՝ հայերեն և թուրքալեզու: Մարդկության խամրող հիշողությունից ու մոռացության վտանգից հայ ժողովրդի ողբերգական  ու հերոսական պատառիկները  փրկելու համար  բանահավաքն իր կյանքի  55 տարիներն է նվիրել: 500-ից ավելի  գիտական և հրապարակախոսական աշխատանքներ՝ հետագայում ամփոփված  արդեն մեկ խոշորածավալ  գրքում:

«Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների  վկայություններ» գիրքն ավելի վաղ լույս էր տեսել հայերեն և անգլերեն լեզուներով: Ռագըպ Զարաքոլուի ղեկավարած  «Բելգե» հրատարակչությունը օրերս լույս է ընծայել գրքի թուրքերեն տարբերակը: Վերժինե Սվազլյանի խոսքով՝ Թուրքիայի քաղաքական ու մշակութային կյանքում սա երևույթ է։

Ռագըպ Զաևրաքոլուն առաջինն էր, ով որոշեց քանդել ժխտողականության պատը Թուրքիայում: 1976 թվականին Ստամբուլում հիմնեց իր սեփական հրատարակչությունն ու Թուրքիայում առաջին անգամ  հրատարակեց Հայոց ցեղասպանության մասին անաչառ ու հավաստի գրականություն: Իր գործունեության համար Զարաքոլուն  հալածվել ու հետապնդվել է թուրքական իշխանությունների կողմից: Բայց դա չի խանգարել, որպեսզի թուրք մտավորականը շարունակի իր հայանպաստ գործունեությունը։ Վերժինե Սվազլյանի հեղինակած գրքի թուրքերեն հրատարակությունն օրերս լույս տեսավ հենց «Բելգե» հրատարակչությունում: Գրքի շնորհանդեսի առիթով Զարաքոլուն Երևանում է:

Չե՞ք վախենում վերադառնալ Թուրքիա, հարցին պատասխանում է. «Ես խղճիս դեմ չեմ կարող գնալ: Բայց նաև չեմ կարծում, որ թուրքական իշխանությունն այս անգամ քրեական գործ կհարուցի իմ դեմ: Փորձը ցույց տվեց, որ այդ քայլերն անհաջողության են մատնվում»,- ասաց։

«Վերժինե Սվազլյանի անունը Թուրքիայում շատերին է հայտնի որպես անառարկելի ճշմարտությունների մի պատվանդան: Իսկ այս գիրքը կարող  է դառնալ այդ պատվանդանի վրա կանգնած արձանը: Թուրքիայում սառույցը հալչում է և ճշմարտություն փնտրող մարդկանց  թիվը գնալով ավելանում է»,- ասում է Ռագըպ Զարաքոլուն: ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի  համոզմամբ՝ Վերժինե Սվազլյանի աշխատությունն անկասկած մեծ ազդեցություն կունենա թուրք հասարակության վրա։

 

Ցուցադրել ավելի
Back to top button