Մշակույթ

Սոնա Վանին հանձնվեց «Մովսես Խորենացի» մեդալը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»- Լոս Անջելես

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով բանաստեղծուհի Սոնա Վանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով` հայապահպանության գործում ներդրած ավանդի համար: Այդ առիթով բանաստեղծուհին հյուրընկալվել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, որտեղ ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը նրան հանձնեց պետական բարձր պարգևը: Նա ողջունեց Սոնա Վանի նախաձեռնությունը` առաջիկայում յոթ լեզուներով հրատարակել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ժողովածու:

Սոնա Վանը երախտագիտություն հայտնեց բարձր պարգևի համար: Նրա խոսքով՝ պատվաբեր և պատասխանատու է պետական պարգևի արժանանալ հայապահպանության համար, առաքելություն, որի կրողն է դարձել իր արվեստի միջոցով: «Ազգի ու պետության գոյության հիմքը լեզուն է, դրա պահպանությունը` սուրբ պարտականություն է»,- նշեց Սոնա Վանը: Բանաստեղծուհին ՀՀ գլխավոր հյուպատոսին նվիրեց իր ժողովածուների նմուշները:

Սոնա Վանը (Տեր-Հովհաննիսյան) ծնվել է Երեւանում: Մասնագիտությամբ բժիշկ է: 1978 թվականից ապրում է Կալիֆորնիայում: Ամերիկյան համալսարանում ստացել է կլինիկական եւ հոգեւոր հոգեբանության մագիստրոսի կոչում: Չորս բանաստեղծական ժողովածուի հեղինակ է, որոնք թարգմանվել են յոթից ավելի լեզուներով, արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալին, Սփյուռքի նախարարության Ոսկե մեդալին եւ այլ գրական մշակութային մրցանակների: 2006 թվականից ի վեր ամուսնու՝ Նուբար Ջանոյանի հովանավորությամբ Հայաստանում հրատարակում է «Նարցիս» մշակութային հանդեսը, ինչպես նաեւ «Ցոլքեր» մանկապատանեկան, մշակութային պարբերականի համահիմնադիր ու հովանավորն է: 2013 թվականին Լոս Անջելեսի հայ- ամերիկյան առեւտրի պալատը «Կինը գերազանցության մեջ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ նրան է հանձնել «Լավագույնը գրականության մեջ» մրցանակը:

Ցուցադրել ավելի
Back to top button