Հասարակություն

Դեկտեմբերի 20- ին եզդիները նշում են Կարմիր Սուլթան եզիդի տոնը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 20-ին եզդիները կնշեն Կարմիր Սուլթան եզիդի տոնը, որը շարժական է: Ամեն տարի դեկտեմբերի 13-ին հաջորդող երեքշաբթի օրվանից սկսած նրանք 3 օր ծոմ են պահում, որին հաջորդում է ուրբաթ օրը` Եզդու տոնը: Եզդիները չունեն պետականություն, փոխարենը՝ ունեն կրոնական օրենքներ, որով էլ առաջնորդվում են: 

Տոնին ընդառաջ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն ու եզդիների շեյխ Բրո Հասանյանն այսօր ներկայացրել են իրենց կրոնական օրենքներն ու ազգային սովորույթները: Չնայած տարբեր ազգերի կողմից ճնշումներին, եզդիները երբեք չեն փոխել իրենց սովորույթները և չեն ուրացել հավատքը, ասում է Ազիզ Թամոյանը: Եթե մենք Ամանորը նշում ենք հունվարի 1-ին, ապա եզդիների համար այդ օրը սովորական օր է: Նրանց Նոր տարին նշվում է ապրիլի առաջին չորեքշաբթի օրը:
Առջևում եզդիների ամենագլխավոր տոնն է` Կարմիր Սուլթան Եզիդին: Տոնին նախորդող 3 օրերին եզդիները ծոմ են պահում, իսկ հենց տոնի օրը եզդիները ոչխար են մորթում, մատաղ են անում։ Ի դեպ՝ միսն անպայման պետք է լինի խաշած ձևով, ասում է եզդիների շեյխ Բրո Հասանյանը։ Սուրբ Եզիդի  օրը բոլոր գժտված մարդիկ այցելում են միմյանց տուն, հաշտվում և ուրախանում ընդհանուր սեղանի շուրջ: 

Ցուցադրել ավելի
Back to top button