Քաղաքական

Դավոթօղլուի այցից ոչինչ սպասել պետք չէ, կարծում են քաղաքագետն ու քաղաքական գործիչը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցից ոչինչ սպասել պետք չէ, վրդովված այսօր նկատեց Քաղաքագետների միության  նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Իսկ վրդովմունքի պատճառը Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունն էր: Շավարշ Քոչարյանի հայտարարությունը պսևդո  կամ կվասային հայրենասիրության դրսևորում է, ոչ ավելին, ասում է Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ «պետական պաշտոնյան, այն էլ այդ մակարդակի, նման հայտարարություն չպետք է աներ»։
Անդրադառնալով թուրքական մամուլի տարածած ապատեղեկատվությանը, թե  Դավութօղլուն Հայաստանում քննարկելու է ԼՂ  հակամարտության  խնդիրը՝ տարածքների վերադարձման առումով, Հովհաննիսյան նկատում է, որ  նման ապատեղեկատվությունից հետո մեր իշխանությունները  կամ պետք է չեղյալ համարեին նրա այցը  Հայաստան, կամ էլ «եթե բան ես ուզում հասկացնեմ, ուրիշ ձեւով հասկացրու։ Ղարաբաղի խնդիրը պետք է բանակցեն Ղարաբաղի հետ»։

Թուրքիայի արտաքին գործերի  նախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան սպասվելիք այցի մեջ՝ ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը արտառոց ոչինչ չի տեսնում: Նրա խոսքով՝ այն որեւէ կապ չունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ։ Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, թե  նա պետք է այցելի Ծիծեռնակաբերդ, Արարատ Զուրաբյանը նշեց, որ «նման ոճի հայտարաություններ կարող են անել նրանք, ովքեր իշխանության մեջ չեն:  Հայտարարությունը տեղին չէ, կարծում եմ՝ չպետք է գնանք այդ ճանապարհով»,- նկատեց։

Ի դեպ՝ երկու բանախոսներն էլ անդրադարձան ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությանը։ Զուրաբյանը հնարավոր համարեց հետագա համագործակցությունը: «Չեմ գտնում, որ հենց հիմա դրոշը պիտի վերցնենեք ու նետվենք բարիկադներ: Ցավոք, Հայաստանում այսօր մայդան չկա»,- հետագա գործունեության մասին ասաց նա։

Ւսկ  քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը տրամաբանական  գնահատեց Նիկոլ Փաշինյանի քայլը, քանի որ «երբ Հայ ազգային կոնգրեսը գնաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ճանապարհով, Նիկոլն իր անհամաձայնությունը հայտնեց այդ մարտավարությանը, և, հաշվի առնելով նրա ակտիվությունը, միանգամայն տրամաբանական է, որ նա պետք է փնտրեր քաղաքական ակտիվությունը զարգացնելու այլ ձևաչափ»։

Ցուցադրել ավելի
Back to top button