ԿարևորՔաղաքական

Արցախն այսօր տոնում է Սահմանադրության եւ Անկախության հանրաքվեի տոնը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Դեկտեմբերի 10- ը հայկական երկրորդ հանրապետության տոնացույցում նշվում է որպես ԼՂՀ անկախության հանրաքվեի և Սահմանադրության ընդունման օր։ Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում նշվում է, որ այդ իրադարձությունները դարձան հետագա զարգացման հիմքն ու ուղենիշը: «1991 թվականին Արցախը մեկընդմիշտ ընտրեց անկախ ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին եւ 15 տարի անց կրկին վերահաստատեց ու ամրագրեց այդ պատմական որոշումը` իր աներեր «այո»- ն ասելով երկրի հիմնական օրենքին` Սահմանադրությանը»,- ասված է Արցախի նախագահի շնորհավորական ուղերձում: 

Անկախության հանրաքվեի ու Սահմանդրության օրվա կապակցությամբ այսօր Արցախում առանձնահատուկ միջոցառումներ տեղի չունեցան: Մարդիկ ավանդույթի համաձայն հարգանքի տուրք են մատուցել զոհված ընկերների հիշատակին: Որդեկորույս Սաղաթել Բալասանյանի համար այսօր կարևորը խաղաղություն է, հանուն որի և հանուն հայրենիքի ազատության 1992 թվակաինին զոհվել է որդին` Հայկը: Երեկ Հայկ Բալասանայանի հիշատակին միջոցառում է տեղի ունեցել նրա անունը կրող կրթօջախում:

Հայրենիքի սահմանների անվտանգությունը և երկրի բարգավաճումը այն թեմաններն են, որ այսօր մարդկանց ամենօրյա զրույցի թեման են:

Հանրապետության անկախությանը նվիրված ցանկացած տոն անշուշտ նաև արվածն ու չարվածը գնահատելու պահ է: Այս օրերին բնակչությանը հուզող հարցերից մեկը իրենց ընտանիքի և երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է: Կառավարությունն ու Ազգային ժողովը նոր տարվա պետական բյուջե են քննարկում, իսկ մարդիկ փորձում են վերահաշվարկել իրենց եկամուտները` մինչև նոր տարի և հետո:

Տոնի կապակցությմաբ նախագահ Բակո Սահակյանը այսօր շնորհավորական ուղերձում վերլուծելով ԼՂՀ անցած անկախության ճանապարհը նշել է, որ այն բարդ ու դժվարին էր և որ Արցախում այդ ճանապարհին հավատարիմ են եղել ժողովրդավարության նորմերին ու պահանջներին, առաջնորդվել համամարդկային սկզբունքներով ու արժեքներով, որոնց հիմքում մարդն է, նրա իրավունքներն ու ազատությունները:

Նախագահի խոսքով՝ շոշափելի հաջողություններ կան, սակայն այդ ուղղությամբ անելիքները շատ են։ «Օրենքի գերակայությունը եւ բոլորի հավասարությունը նրա առջեւ պետք է դառնա կենսակերպ մեր հասարակության համար, պարտադիր պայման լինի յուրաքանչյուրի աշխատանքում եւ առօրյա կյանքում: Միայն այսպես կարող ենք կառուցել հզոր եւ զարգացած երկիր».- կարծում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button