Տնտեսական

ՍԾՏՀ գործարար խորհրդին չէր մասնակցել նաեւ Վրաստանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար  խորհրդի 47-րդ նստաշրջանը: ՍԾՏՀ  անդամ 12 երկրներից միայն վեց երկրի ներկայացուցիչ է Հայաստան ժամանել: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ   Արսեն Ղազարյանը, ով նաև  Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդում հայաստանյան ներկայացուցիչն ու    նախագահող երկրի ներկայացուցիչն է,  Սևծովյան տնտեսական համագործակցության  անդամ երկրների բացակայությունը տեխնիկական պատճառներով է պարզաբանել։ Արսեն Ղազարյանին վրդովեցրել է հատկապես Վրաստանի ներկայացուցչի բացակայությունը, մինչև վերջին պահը նրանք հայկական կողմին վստահեցրել են, որ խորհդրի նիստին ներկա են լինելու, խոստացել են, սակայն, Երևան այդպես էլ չեն հասել։

ՍԾՏՀ  անդամ 12 երկրից վեցի ներկայացուցիչներն  են Երևանում, նրանք մասնակցում են Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի 47-րդ նստաշրջանին։ Տնօրենների խորհուրդն այս տարվա հունիսից նախագահում է Հայաստանը: Շուտով նախագահությունը  կփոխանցվի Բուլղարիային: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների   միության նախագահ   Արսեն Ղազարյանը, ով նաև  Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդում հայաստանյան ներկայացուցիչն ու  նախագահող երկրի ներկայացուցիչն է,  պարզաբանում է՝   երկրների բացակայությունը    տեխնիկական պատճառներ ունի:

«Մի պատվիրակություն ինքնաթիռից էր ուշացել, թուրքական պատվիրակության ղեկավարը վերջին պահին թունավորվել էր, իր տեղակալները եկան, բայց որպես ղեկավար ինքը չեկավ, ուկրաինացիների գլուխը խառն է ձեզ հայտնի պատճառներով, Ալբանիան, երևի, մեր տարածաշրջանի նկատմամբ   այդքան հետարքրություն չունի»,- ասում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների   միության նախագահ   Արսեն Ղազարյանը։

Նրան հատկապես վրդովեցրել է հատկապես Վրաստանի ներկայացուցչի բացակայությունը. մինչև վերջին պահը նրանք հայկական կողմին վստահեցրել են, որ խորհդրի նիստին ներկա են լինելու, սակայն Երևան այդպես էլ չեն հասել։ «Տարօրինակ էր վրացիների բացակայությունը։ Ես շատ խիստ եմ արձագանքելու այս հարցին, որովհետև հարևան երկրներ ենք և շահագրգիռ ենք մեկս մյուսին վերաբերվում։ Նման միջազգային կառույցներին Վրաստանը բացակայելու հատկապես հարևան երկրում իմաստը չեմ գտնում: Իրենք մինչև վերջին պահն ասում էին մենք գալիս ենք, ճանապարահին ենք»,- զայրանում էր Ղազարյանը։

Ինչևէ՝ նիստն այսօր գումարվեց: Ներկաները   հատուկ բանաձև   ընդունեցին.  ՍԾՏՀ երկրները  պարտադիր պետք է  ապահովեն իրենց ներկայությունը, թեկուզ դեսպանատների, ներկայացուցչությունների անդամների մակարդակով։  Հայկական կողմն առաջարկել է, որ տնօրենների խորհրդի նիստերին զուգահեռ տարին մեկ անգամ կազմակերպվեն տարածաշրջանի երկրների գործարարների համաժողովներ։ Մասնակիցները  գործող կանոնադրությունը   փոխելու ուղղությամբ նույնպես աշխատանքներ են իրականացվում, «այստեղ կան կետեր, որոնք սահմանափակումներին են վերաբերում, -ասաց Արսեն Ղազարյանը՝ հիշեցնելով ՍԾՏՀ անդամ  12 երկրիներից երկուսի հետ Հայաստանը լուրջ սահմանափակումներ ունի՝ հարևանների մեղքով։ «Դա Թուրքիան ու Ադրբեջանն են, նոր կանոնադրությունում հստակ պետք է դրվի, որ անդամ երկրները տնտեսական հարցերում խտրականություններ ու վերապահումներ չպետք է կիրառեն»։

Հավելենք, որ դեկտեմբերի 12- ին Երեւանում տեղի է ունենալու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի՝ արտգործնախարարների հանդիպմումը, որին  կմասնակցեն Թուրքիան եւ Ադրբեջանը։

Ցուցադրել ավելի
Back to top button