ԿարևորՀասարակություն

ՄԻՊ- ը հրապարակում է հատուկ զեկույց եւ դատավորների կաշառքի չափը

Լուսին Վասիլյան
«Ռադիոլուր»

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ,  արտահերթ զեկույց է ներկայացրել. թեման  արդար դատաքննության իրավունքն է:

Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի ուշադրության կենտրոնում Արդարադատության խորհրդի  և Վճռաբեկ դատարանի  գործունեությունն է: Թե ինչու են թիրախավորվել հատկապես այս երկու կառույցները, զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանն այսպես է բացատրում։ «Այն պարզ պատճառով,, որ Վճռաբեկ դատարանը եռաստիճան դատական համակարգի բարձրագույն օղակն է ու, ըստ էության, ստորադաս ատյանների սխալներն ուղղելու իրավունք ունեցող դատարանը: Իսկ Արդարադատության խորհուրդն այն մարմինն է, որը դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության, և այս կառույցից մեծապես կախված է դատավորի անկախ գործելու հնարավորությունը»։

2006-2013 թթ. Արդարադատության խորհրդի ընդունած բոլոր որոշումներն ուսումնասիրելով՝ օմբուդսմենը երկակի ստանդարտների կիրառում է արձանագրում:  Զեկույցում, մասնավորապես,  օրինակներ են նշվում, ըստ որոնց՝ նույնաբովանդակ խախտման համար խորհուրդը մի դեպքում կարգապահական վարույթ է   հարուցում, մյուսում՝ վարույթի հարուցումը  մերժում է,  նույն   սխալը  մի դեպքում դատավարական նորմի կոպիտ և ակնհայտ  խախտում է  գնահատում, մյուսում՝ անտեսում է։

Վճռաբեկի մասով կրկին ընդգծվում  է բողոքները վարույթ չընդունելու պրակտիկան: Ըստ զեկույցի՝ 2012-ին դատարան ներկայացված վճռաբեկ բողոքների մոտ 90 տոկոսը հետ է վերադարձվել, 5 տոկոսը թողնվել է առանց քննության և միայն  5 տոկոսն է վարույթ ընդունվել: Վարույթ ընդունելու որոշումները Վճռաբերկը,  ըստ պաշտպանի գրասենյակի, չի հիմնավորում, վերադարձնելու որոշումները  հիմնավորում է տիպային պատճառաբանություններով։ «Մենք բացահայտել ենք, որ թվով 9 գործերով Վճռաբեկ դատարանը վարույթ է  ընդունել բողոքներ, որոնք ընդհանրապես որևէ հիմնավորում չեն պարունակել բողոքի ընդունման հիմքերի վերաբերյալ: Սա առավել քան ակնհայտ օրինակ է՝ ցույց տալու համար, թե ինչպես է երկակի ստանդարտը կիրառվում բազմաթիվ այլ բողոքներ բերող անձանց նկատմամբ, ովքեր ներկայացրել են շատ մանրամասն և հստակ հիմնավորումներ բողոքի ընդունելության վերաբերյալ»:

Զեկույցում օմբուդսմենը խոսում է ոչ միայն երկակի ստանդարտների, այլ նաև դատավորների նկատմամբ ճնշումների ու  կոռուպցիոն սխեմաների մասին, անգամ դատական կաշառքի սակագներ է նշում: Զեկույցը կազմած աշխատանքային խումբը դրանք պարզել է նախկին ու ներկա մոտ  120 դատավորների, դատախազների ու փաստաբանների հետ  անցկացրած հարցազրույցների միջոցով: Ի դեպ՝ զեկույցի այս հատվածում գնահատականները տրվում են ոչ թե կոնկրետ փաստերի հիման վրա , այլ  նշվում են երևույթները: Պաշտպանը, ըստ Գենյա Պետրոսյանի ,  երաշխավորել է աղբյուրի գաղտնիությունը: «Հարցվածների մեծ մասի պնդմամբ՝  դատական կաշառքի սակագները առաջին ատյանի դատարանում տատնվում են  500-ից 10.000 դոլարի միջակայքում, իսկ  Վճռաբեկ դատարանում հասնում են 50.000 դոլարի»:

Ի դեպ՝ պաշտպանն անձամբ զեկույցը լրագրողներին չներկայացրեց,  դա արեցին աշխատանքային խմբի անդամները, փոխարենը` ՄԻՊ գրասենյակի նախասրահում մինչ ասուլիսի մեկնարկը Կարեն Անդրեասյանն անձամբ անհատական մակագրություններով լրագրողներից յուրաքանչյուրին փոխանցեց զեկույցի տպագիր օրինակը:

Պարզվում է, ասուլիսին մասնակցել ցանկացել է նաև Դատական դեպատրտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը: Նա «Ռադիոլուրին»  փոխանցեց, որ չնայած իր ցանկությանը, մասնակցել զեկույցի հրապարակմանը  չի կարողացել։ «Գրասենյակի նախասրահում Կարեն Անդրեասյանն անձամբ ինձ փոխանցեց իր մակագրությամբ զեկույցը և ասաց, որ չեմ կարող մասնակցել դրա ներկայացմանը, քանի որ միջոցառումը նախատեսված է միայն լրագրողների համար: Ես ասացի, որ ցանկանում եմ մասնակցել ՝ հասկանալու համար, թե զեկույցում տեղ գտած գնահատականները ինչ մեթադաբանությամբ են ստացվել, արդյո՞ք սիրողական մակարդակով արված դատողություններ չեն, ասաց , որ իմ  հարցերին  գրավոր կպատասխանեն, իսկ իմ ներկայությունը ճնշում որակեց»։

Զեկույցում տեղ գտած գնահատականներին դատական դեպարտամենտը կպատասխանի վաղը նախատեսված ասուլիսի ժամանակ:

Ցուցադրել ավելի
Back to top button