Քաղաքական

Հայաստանում ազդարարվեց ընդդիմադիր քաղաքական նոր միավորման ստեղծման մասին

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Ընդդիմադիր քաղաքական դաշտում գործող «Քաղաքացիական պայմանագիր» միավորումն այսօր ներկայացավ յոթ անձից բաղկացած կառավարման խորհրդի կազմով: Հրավիրված մամուլի ասուլիսում միավորման հիմնադրներից ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  նշեց, որ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի» հայաստանյան քաղաքական դաշտը ունեցավ նոր սուբյեկտ։

«Քաղաքացիական պայմանագրի մասնակիցների նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հասարակական, քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատումն է՝ հիմնված օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության եւ կիրառելիության, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության, Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության եւ ինքնիշխանության պահպանման եւ զարգացման, հայ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության իշխանության կրողի իրական լծակներով օժտելու, Հայաստանի՝ հայ ժողովրդի  բնակության եւ զարգացման լավագույն եւ ամենագերադասելի վայրի կարգավիճակը վերահաստատելու հրամայականների վրա». սա մեջբերում էր հուլիսի 24-ին հրապարակված փաստաթղթից, որի հիմման վրա ձևավորվում է ընդդիմադիր քաղաքական մի նոր ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը:

Այսօր ներկայացված կառավարման խորհրդի կազմում են ԱԺ պատագամավոր Նիկոլ Փաշինյանը, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը, արևելագետ Արայիկ Հարությունյանը, քաղաքացիական ակտիվիստներ Լենա Նազարյանը, Մարինե Մանուչարյանը և Արսեն Խաչատրյանը: Ըստ Փաշինյանի՝ դեռևս հանրային քաղաքական ձևաչափում գործող կառավարման մարմինը չունի նախագահ, որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա։

Դեռևս միավորումը գտնվում է կառուցվածքային կայացման փուլում, տարածքային կառույցները գործելու են ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում: Կառավարման խորհուրդը պետք է հրավիրի միավորման առաջին համաժողովը, որը պետք է որոշի կազմակերպա-իրավական հետագա ձևը:  Ժամկետները դեռ հստակեցված չեն։ Կառավարման խորհրդի  տարիքով ավագ անդամ Սասուն Միքաելյանը կարևորեց նորաստեղծ միավորման գործունեությունը և հանդես եկավ համախմբման կոչով։

Իր գործունեության հիմնական թիրախներից «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը ընտրել է հայրենադարձությանը նպաստելը: Դրանով է պայմանվորված արտերկրում կառույցներ ստեղծելու մտադրությունը՝ ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ: Ըստ Փաշինյանի՝ միավորումը պետք է մասնակցի ինչպես համապետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ հասնելով իշխանափոխության։

Ցուցադրել ավելի
Back to top button