ԿարևորՀասարակություն

Ուժեղ երկրաշարժի վտանգը առկա է նաեւ 25 տարի անց. մասնագետը մտահոգ է Երեւանի կառուցապատման խտությունից

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցը ոչ միայն հուշերի այլ նաև մտորումների առիթ է: Արդյո՞ք մենք այսօր ապահովագրված ենք նման արհավիրքներից կրկնությունից, ինչքանո՞վ են սեյսմակայուն շենքերը և շինությունները, ինչպե՞ս պատրաստվել աղետներին։

Խորհրդային Միության խոցելիությունը առավել ի հայտ եկավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, երբ պարզ դարձավ, որ աշխարհի ամենամեծ երկիրը ի զորու չէ դիմակայել ավերիչ աղետին և շուտափույթ ձեռնարկել փրկարարական միջոցառումներ՝ փլատակների տակ մնացած մարդկանց ժամ առաջ օգնելու համար: Այս նպատակին կոչված քաղաքացիական պաշտպանության համակարգը փաստացի անգործունակ էր, հիշում է Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պալատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանը։

Երկրաշարժի առաջին դասերից եղավ «Սպիտակ» փրկարարական ջոկատի ձևավորումը, որի առաջին ղեկավարը հենց Մովսես Պողոսյանն էր: Ըստ նրա՝ այսօր գործող համակարգը անհամեմատ ավելի պատրաստ է աղետներին արագ արձագանքմանը, քան՝ 25 տարի առաջ: 

 

Պետք է քաջ գիտակցել, որ մեր երկիրը գտնվում է սեյսմավտանգ գոտում և ուժեղ երկրաշարժերը կարող են կրկնվել։ Ամեն ընտանիք պետք է ունենա աղետի «իր փաթեթը». առաջին անհրաժեշտության իրերի 3-4 կիլոգրամանոց փաթեթ ուտելիքով եւ դեղորայքով, ինչպես նաև կարևոր փաստաթղթերի պատճենները և լապտեր, ասում է։

Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պալատֆորմի տնօրենը իր մտահոգությունը հայտնեց մայրաքաղաքում կառուցապատման խտությամբ: Շինարարական  նման բումը խախտում է սեյսմիկ պաշտպանության  տարրական նորմերը։ Սեյսմիկ անվտանգության հարցերը ամենօրյա ուշադրության կարիք ունեն, ոչ միայն պետական մարմինների, այլ առաջին հերթին ամենքիս կողմից, նշեց  Մովսես Պողոսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button