ԿարևորՔաղաքական

Հաջորդ ընտրություններում դրոշմակնիշներն այլեւս չեն լինի. ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներն ավարտվեցին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ընտրական օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խումբը դեկտեմբերի 5-ից  եռօրյա հանրային քննարկումների շարք է  նախաձեռնել. քննարկման սեղանին  նախորդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացրած առաջարկություններն են: Աշխատանքային խմբի անդամները քննարկումների առաջին օրվա ընթացքում լսել են քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, երկրորդ օրը ՝ հասարակական կազմակերպություններին, այսօր  քննարկումը կազմակերպվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:  

Վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելում, նախընտրական քարոզչության ֆինանսական թափանցիկության ապահովում, ընտրությունների լուսաբանման գործընթաց, վերջապես անձնագրերի դրոշմակնքում ու ընտրացուցակների  հրապարակում. ընտրական գործընթացին առնչվող այս հիմնահարցերը կրկին քննարկման սեղանին են։ Ընտրական օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խումբը, որը ձևավորվել է 2012-ի օգոստոսին,  հանրային քննարկումների շարք է նախաձեռնել և  փորձում է ի մի բերել այն բոլոր առաջարկությունները, որոնք վերջին համապետական ընտրություններից հետո բարձրացրել են դիտորդական առաքելություն իրականացրած տեղական ու միջազգային կառույցները: Դրանք քննարկվում են քաղաքական,  հասարակական շրջանակների ու նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Առաջարկությունները տարբեր են, դրանցից շատերի վերաբերյալ առայժմ վերջնական մոտեցումներ չկան:  Ավելին՝ հարցերից  շատերի առնչությամբ ծայրահեղորեն տարբեր են մոտեցումները: Խոսքը, օրինակ, ստորագրված ընտրացուցակների հրապարակման պահանջի մասին է։ «Կան և կողմ, և դեմ կարծիքներ.  երկու կարծիքներն էլ ունեն իրնց դիրքորոշումը հիմնավորող ծանրակշիռ փաստարկներ»,- ասում է ԿԸՀ նախագահի Տիգրան Մուկուչյանը։ Նա անձամբ  կարծում է, որ ցուցակների հրապարակումը  ավելի շատ շահարկումների հնարավորություն է տալու,  քան՝ բարձրացնելու է վստահությունը ընտրությունների նկատմամբ։

«Մենք, ըստ էության, ցուցակներին ծանոթանալու հնարավորություն տալիս ենք, եթե ներկայացվում է դիմում վերահաշվարկի մասին: Բայց, օրինակ, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ նման մի դեպք ունեցանք. անձը, դիմում ներկայացնելով վերահաշվարկի մասին,  ծանթացավ ցուցակին, կատարեց նշումներ, և Վարչական դատարան ներկայացվեց այսպես կոչված «մահացածների» ցուցակը: Ստուգումները ցույց տվեցին, որ այդ մարդիկ բոլորը ողջ են: Այսինքն՝ դատարանին ներկայացվել էին բացառապես կեղծ տեղեկություններ»։

Մոտեցումը կարծես թե որշակիացած է անձնագրերի դրոշմակնքման հարցում: 2012-ից ընտրական պրոցես մտած այս օղակին  համապետական հաջորդ ընտրությունների ժամանակ,  ամենայն հավանականությամբ,  հրաժեշտ կտանք։ Դեռ Ազգային ժողովում 2012-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդագրությունը  ներկայացնելիս Տիգրան Մուկուչյանը  խոսել էր դրոշմակնիքներից հրաժավելու առաջարկի մասին: Այսօր նշում է, որ դրանց աննպատակարմարությունն ապացուցող նոր  գործոն կա։ «Ուզենք, թե՝ չունզենք, այս խնդրի մասին ավելի լուրջ պետք է մտածենք, որովհետև արդեն ունենք նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր ունեցող քաղաքացիներ, ովքեր կարող են հենց դրանցով էլ գալ ընտրության: Իսկ քարտերը պլաստիկ նյութից են պատրաստված և դրոշմակնքման ուղղակի ենթակա չեն»:

Նախընտրական քարոզչության ժամանակ  ուսումնական հաստատությունների ներգրավման հարցը ևս քննարկվել է: Եթե դպրոցների դեպքում  առաջարկների գերակշիռ մասը  կանոնակարգումները  խստացնելու օգտին է, ապա միանշանակ չէ բուհերում նախընտրական հանդիպումների հարցը:  Մի մասի կարծիքով՝  նախընտրական քարոզարշավը  ընտրազանգվածի երիտասարդ մասի՝ ուսանողության հետ հանդիպման  ամենահարմար  առիթն է, մյուսների կարծիքով ՝ բուհերում նախընտրական հավաքները պետք է արգելվեն։

Կա առաջարկ  Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ. առաջարկվում է խստացնել ընտրակաշառք տալու համար սահմանված պատիժը և ընդհակառակը՝ ազատել  պատասխանատվությունից կաշառք ստացած և ինքնակամ այդ մասին հայտնած անձին: ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Սևակ Հովհաննիսյանը մի առաջարկ էլ է ավելացնում։ «Վերջին ընտրությունների ժամանակ տարբեր թեկնածուներից լսեցինք հետևյալ ձևակերպումը՝ կաշառք են առաջարկում, գնացեք, վերցրեք, բայց ընտրեք՝ ում ուզում եք: Մասնագիտական առումով դիտարկելու դեպքում՝ սա հանցագործությանը օժանդակելու նման մի բան է»։

Ընտրական օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խումբը նախատեսում է քաղաքական ուժերի, հասրակական կազմակերպությունների  ներկայացուցիչների հետ քննարկած առաջարկներն ամփոփել  տարեվերջին ու նախագծի տեսքով հանրային քննարկման ներկայացնել 2014-ի առաջին ամսիների ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button