ԿարևորՔաղաքական

Էդ. Նալբանդյան. ԵԱՀԿ-ն կարևոր դեր է խաղում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու մեջ

Դեկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Կիևում ընթացող Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանին։ Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, կազմակերպության շրջանակներում ընթացող գործընթացներին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

Էդ. Նալբանդյանի ելույթը.

Պարոն նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Կցանկանայի ելույթն սկսել արտահայտելով մեր ցավակցություններն Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ: Ջերմորեն եմ հիշում այս մեծ և իմաստուն առաջնորդի և պետական գործչի հետ հանդիպումը Պրետորիայում:

Տիկնայք և պարոնայք,

Միանալով նախորդ ելույթ ունեցողներին, շնորհակալություն եմ  արտահայտում գործող նախագահող՝ նախարար Լ. Կոժարային և նրա թիմին՝ տարվա ընթացքում նրանց ձեռնարկած ջանքերի, ինչպես նաև Ուկրաինայի կառավարությանը հյուրընկալության և այս Նախարարական հանդիպման արդյունավետ  հաջող կազմակերպման համար։

ԵԱՀԿ Նախարարական հանդիպումները միշտ հնարավորություն են ընձեռում կարծիքներ փոխանակելու կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու ուղիների վերաբերյալ՝ որպես մի հարթակի՝ գաղափարների առաջադրման և հայեցակարգերի մշակմանն ի նպաստ եվրաատլանտյան և եվրասիական անվտանգությանը։ Աշխարհը, որում ապրում ենք և անվտանգության միջավայրը որում գտնվում ենք, փոխակերպվում են աճող արագությամբ. մենք պետք է արձագանքենք ընդհանուր մարտահրավերներին և գտնենք ճիշտ լուծումներ դրանց դիմակայելու համար։

Նախորդ տարին շատ առումներով կարևոր էր` դրական քննարկումների և տեսակետների ներկայացման առումով։ Ես կցանկանայի մասնավորապես նշել «Հելսինկի+40» գործընթացը։ Մենք ընկալում ենք դա որպես գործընթաց` նպատակաուղղված ազատ, ժողովրդավարական, ընդհանուր և անբաժանելի անվտանգության համայնքի տեսլականի համապարփակ իրականացմանը, ինչպես որ նախանշվում է Աստանայի հռչակագրում։

Նախագահության կողմից «Հելսինկի+40»-ի վերաբերյալ Առաջընթացի զեկույցում ներկայացված տեսակետները և կատարված եզրակացությունները կարող են հիմք ծառայել ապագա հաջորդական Նախագահություններին` գործընթացը առաջ տանելու համար։

Մեր նվիրվածությունը առանց բաժանարար գծերի և փակ սահմանների անվտանգության միջավայրին կարևոր մեկնարկային կետ է կազմակերպության բոլոր մասնակից պետությունների միջև հաշտեցման ուղղված տարաձայնությունների հաղթահարման և վստահության ամրապնդման համար։ Դա պետք է բացառի միակողմանի շրջափակումները, որոնք առկա են ԵԱՀԿ տարածքում։ Այս տարի Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանների փակումն արդեն երրորդ տասնամյակը թևակոխեց։

Պարոն նախագահ,

Մեր կազմակերպության արդյունավետությունը մեծապես կախված է մեր հավաքական կամքից և բոլոր երեք չափումներում հավասար ու հավասարակշռված ձևով մեր գործունեությունը առաջ տանելու կարողությունից։

Անվտանգության չափումը կարևոր տեղ է զբաղեցնում մեր օրակարգում։ Պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք Վիեննայի փաստաթղթի հետագա արդիականացման և բոլոր վստահության և անվտանգության ուղղված միջոցառումների լիակատար իրականացման համար։ Ինչ վերաբերում է սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմի հետ կապված ներկայիս իրավիճակին, մենք պետք է փորձենք մերձեցնել մոտեցումները` համաձայնության հասնելու նպատակով:

Տնտեսական գործունեության և շրջակա միջավայրի միջև փոխկապվածությունն ակնհայտ է մեր առօրյա կյանքում։ Հայաստանը աջակցում է Շրջակա միջավայրի և անվտանգության նախաձեռնությանը և քայլեր է ձեռնարկում Բաց կառավարության գործընկերության շրջանակներում ստեղծել հանքարդյունաբերության էլեկտրոնային տվյալների բազա, որը կարող է ծառայել մեր տարածաշրջանում բնապահպանական հարցերի թափանցիկության մակարդակի բարձրացմանը:

Այս նախարարական հանդիպման օրակարգում նախատեսված մարդկային չափման շրջանակներում որոշումների ընդունումը կարող է լրացուցիչ գործիք հանդիսանալ ԵԱՀԿ տարածքում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար։

Մարդկանց թրաֆիկինգը դեռևս մնում է մարդու իրավունքների ամոթալի խախտումներից մեկը, որը պետք է աներկբա մերժվի: Հայաստանի ջանքերն այս հանցագործության դեմ պայքարում ըստ արժանվույն գնահատվել են մեր գործընկերների կողմից։

 

Պարոն նախագահող,

 

Հայաստանի կառավարությունը բարեփոխումների լայն փաթեթ է իրականացնում ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության  առավել ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման, ընտրական գործընթացների և համապատասխան օրենսդրության բարելավման, դատական համակարգի ամրապնդման և քաղաքացիական հասարկության դերի բարձրացման նպատակով:

ԵԱՀԿ-ն կարևոր դեր է խաղում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման մեջ։

Մեր սերտ աշխատանքը ԺՀՄԻԳ-ի և Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ և համապատասխան առաջարկությունների իրականացումը շատ արդյունավետ է։

2013թ.-ի նախագահական ընտրությունները Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության կողմից գնահատվել են ընտրական գործընթացի վերաբերյալ ԵԱՀԿ հանձնառություններին և ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային չափանիշներին համապատասխան։

Կցանկանայի նաև նշել մեր արգասաբեր համագործակցությունը ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ, որը ծրագրեր է իրականացնում բոլոր երեք չափումներում։

Հայաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահող, անցած վեց ամիսների ընթացքում, ընդգծել է ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Կառուցելով ջանքերի համադրման վրա և խուսափելով կրկնողություններից, մեր երկու կազմակերպությունները կարող են ավելի լավ արդյունքների հասնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և խթանման առումով։

Պարոն նախագահ,

ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների կարգավորումը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր:

Այս տարվա հունիսին Էնիսկիլենում, Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հանդես եկան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հերթական՝ արդեն հինգերորդ հայտարարությամբ, որտեղ նրանք ևս մեկ անգամ ընդգծեցին, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության և հաշտեցման:

Հայաստանը ողջունեց այս հայտարարությունը՝ նշելով, որ ինչպես համանախագահները, մենք շարունակում ենք վստահ լինել, որ վերջին հինգ տարիների ընթացքում եռանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում ամրագրված սկզբունքներն ու դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի արդար և տևական խաղաղ կարգավորման համար: Մենք կիսում ենք համանախագահ երկրների տեսակետը, որ այդ սկզբունքներն ու դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, և դրանցից որևիցե մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու որևէ փորձ անհնարին կդարձնեն փոխզիջման ձեռք բերումը և կարգավորման հասնելը: Միանգամայն համաձայն ենք, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի: Հայաստանը բազմիցս հաստատել, և Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների Էնիսկիլենում արված կոչին ի պատասխան ևս մեկ անգամ վերահաստատել է իր հանձնառությունը միջազգային իրավունքի սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2012 թվականի հունվարից ի վեր առաջին հանդիպումը, և բոլորը գիտեն, որ Հայաստանի պատճառով չէր, որ շուրջ երկու տարիների ընթացքում նախագահների մակարդակով հանդիպումներ չէին կազմակերպվում: Վիեննայում նախագահները համաձայնվեցին թափ հաղորդել բանակցություններին՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակելու համատեղ աշխատանքը համանախագահների հետ՝ խաղաղ կարգավորման գործընթացը խթանելու նպատակով: Այս նպատակին էր ծառայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների դեկտեմբերի 4-ի հանդիպումը, և մենք համաձայնվեցինք շարունակել հանդիպումները: Հուսով ենք, որ Ադրբեջանն իրապես վերադառնում է բանակցությունների սեղանին կառուցողական մոտեցումով, ինչը մեզ հնարավորություն կտա հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերման ջանքերի արագացումը, որի մասին բազմիցս համանախագահներն ամենաբարձր մակարդակով կոչ են արել կողմերին և որի մասին Հայաստանի և Ադրբեջանի Նախագահները պատրաստակամություն են հայտել 2012 թ. հունվարում Սոչիում ընդունված իրենց վերջին համատեղ հայտարարության մեջ:

Կառուցողական մոտեցումն անհրաժեշտ է ոչ միայն կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար, այլ նաև համանախագահների կողմից առաջարկված և Հայաստանի կողմից սատարված վստահության ամրապնդման միջոցների իրականացման համար, ինչպիսիք են՝ հրադադարի ամրապնդումը, դիպուկահարների դուրս բերումը և հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը:

Տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու նպատակով՝ Հայաստանը կշարունակի ներդնել հնարավոր բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ բացառապես խաղաղ ճանապարհով, ՄԱԿ կանոնադրության մեջ ամրագրված նպատակների, սկզբունքների ու նորմերի և Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի հայտարարություններում ընդգրկված դրույթների հիման վրա:

Պարոն նախագահ,

Ավարտելով, կցանկանայի ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու գալիք շվեյցարական նախագահությանն իր օրակարգի իրականացման գործում:

Ցուցադրել ավելի
Back to top button