Հասարակություն

Ուղեւորափոխադրողները սպառնում են գործադուլով, եթե տրանսպորտը 200 դրամ չդառնա

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ուղևորափոխադրող ընկերությունները շունչները պահած սպասում են տրանսպորտի սակագնի խնդրով զբաղվող հանձնաժողովի եզրակացությանը, ինչից հետո կհստակեցնեն անելիքը: Կամ ուղեվարձը կդառնա 200 դրամ, կամ, ինչպես ձևակերպեց  Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, վարորդները կնստեն ավտոմեքենաների ղեկին ու կհրաժարվեն սպասարկում իրականացնել, այդ կերպ փաստորեն հետևելով, թե ինչպես են մարդիկ առանց տրանսպորտի ձմնռան ցրտին տեղաշարժվում: 


Բանն այն է, որ տրանսպորտի սակագնի խնդրով զբաղվող հանձանաժողովը դանդաղ է աշխատում և սեպտեմբերից մինչ այժմ գումարել է ընդամենը երկու նիստ։ 
Փոխադրող ընկերությունների հաշվարկով ուղեվարձը 200 դրամ է, ակտիվիստների հաշվարկով՝ 75 դրամ։ «Մենք հաշվում մի թիվ ենք ստանում, ակտիվիստները՝ մի այլ թիվ»,- ասում է՝ նշելով, որ 4 և 17 համարի ավտոբուսները դադարեցրել են աշխատանքը, քանի որ չեն կարողանում սպասարկել»։

Անգամ 100 դրամն է շատ  կռացած, մի կերպ ոտքի կանգնած, սեղմված, մեղմ ասած ոչ փորձառու վարորդի ծառայություններից ու տհաճ հոտերով տրանսպորտից օգտվելու համար, լրագրողների այս դիտարկմանն ի պատասխան Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը ավելացրեց, թե հույս չունենաք, որ  200 դրամի դեպքում պատկերը փոխվելու է։ «Կախարդական փայտիկ չի, որ  միանգամից վիճակը փոխվի։ Դեռ պետք է սպասեք, որ փոխադրողները մեջքները ուղղեն»,- ասում են։

Քիչ չեն դեպքերը, երբ վարորդը ծխում է տրանսպորտում, երթևեկում ալկոհոլ օգտագործած վիճակում: Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը չժխտեց, որ նման դեպերին իրենք էլ են համդիպել։ «Մի օր 3 վարորդ հայտնաբերեցինք բուժքրոջ հետ ստուգման արդյունքում»,- ասաց։

Ու նման պայմաններում փոխադրողները սպառնում են ուղևորներին, թե կդադարեցնեն սպասարկումը, եթե իրենց պահանջները չբավարարվեն։

Ցուցադրել ավելի
Back to top button