ԿարևորՔաղաքական

Խորհրդարանականներն ամփոփում են աշնանային նստաշրջանի արդյունքները

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Աշնանային նստաշրջանի վերջին քառօրյան ամփոփող  խորհրդարանական ճեպազրույցներն այսօր թեմատիկ լայն շրջանակ են ունեցել: Պատգամավորները խոսել են   ոչ միայն խորհրդարանական, այլ նաև արտախորհրդարանական թեմաների մասին՝   օրենսդրական կարևոր նախաձեռնություններից մինչև Ռուսաստանի Դաշնության նախագահի արդեն կայացած ու Թուրքիայի արտգործնախարարի դեռևս  սպասվելիք այցի շուրջ գնահատականներ, անգամ անդրադարձ հայկական արտադրության պլանշետներին ու հեռախոսներին։

Դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովը ՀՀ  օրհներգի հնչյունների ներքո ավարտեց 4-րդ նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանականների աշխատանքը,  սակայն, չավարտվեց. կառավարության առաջարկով ԱԺ-ն  դեկտեմբերի 10-ին արտահերթ նստաշրջան կգումարի, որի օրակարգում մոտ երկու տասնյակ օրիանգծեր են, նաև պետական բյուջեի 2014 թ. նախագիծը։ Արտահերթի հրավիրումը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը գործադիրի անկազմակերպվածությունն է վերագրում։ «Արտահերթի հրավիրումը պայմանավորված է նրանով, որ կառավարությունը համապատասախան ժամանակացույցի մեջ չի կարողացել տեղավորվել, փաստորեն ծանրաբեռնում է Ազգային ժողովին»։

Արտահերթի օրակարգում նաև «Կուտակային կենսաթոշակային համակարգի» օրենքում առաջարկվող  փոփոխությունների նախագիծն է: Դրանց հեղինակը կառավարությունն է, առաջարկները վերաբերում են 2014-ի հունվարի  1-ից համակարգի գործարկում ապահովող մի քանի մեխանիզմների: Իսկ արտակոալիցիոն 4 ուժերը դեռ շարունակում են պնդել համակարգի պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելու իրենց առաջարկը։ Առաջիկա  շաբաթվա ընթացքում այս հարցով  չորս խմբակցությունները կդիմեն Սահմանադրական դատարան։ «Բացի այդ՝ ՍԴ կներկայացվի միջնորդություն` մինչև հարցի քննության ավարտը և որոշման կայացումը պարտադիր բաղադրիչի կիրարկումը կասեցնելու վերաբերյալ»:

Իսկ քանի որ ճեպազրույցներին  Արծվիկ Մինասյանը եկել էր արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստից անմիջապես հետո, նախընտրեց իր խոսքը սկսել լավ լուրով: Լավ լուրը տեղեկատվական տեխպնոլոգիաների ոլորտից էր. «Հայաստանում գործող Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններից մեկն առաջիկա ամիսներին հայկական հեռախոսների ու պլանշետների արտադրություն է իրականացնելու: Հայկական արտադրանքի գինն ավելի մատչելի կլինի և կկազմի օտարերկրյա նմանօրինակ ընկերությունների արտադրանքի գնի 55-60 տոկոսը: Սա շատ ուրախալի լուր է, մի նոր ձեռնարկություն է լինելու՝ հիմնված «Անդրոիդ» համակարգերի վրա: Նման ուրախալի լուրեր մեր տնտեսության մեջ շատ քիչ են»։

Տնտեսական ոլորտից լավ լուրեր չունեին ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին շարունակում  է   մտահոգել գազի գնի թեման, պատգամավորական հետաքննության բոլոր արդյունքները   մի թղթապանակում են, որը վերջին ամիսներին, ըստ Արամ Մանուկյանի, բավական հաստացել է: Ամենավերջին մտահոգությունը «Հայռուսգազարդում»  կառավարության 20 տոկոս բաժնեմասի վաճառքն է։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հերթական անգամ կուտակային կենսաթշակային բաղադրիչը հետաձգելու առաջարկին անդրադարձավ՝ կրկնելով մեծամասնության մոտեցումը, որ հետաձգումը հարցի լուծում չի կարող դառնալ: Իսկ ՍԴ դիմումին անդրադառնալով՝ արձանագրեց. «ՍԴ որոշումը ընդունելի կլինի, բայց այս անգամ պատասխանատվությունը կմնա բողոքողների եւ ՍԴ- ի վրա»։

Դեկտեմբերի 12-ին Երևանում Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկների արտգործնախարարների հանդիպումն է նախատեսվում. սպավում է նաև Թուրքիայի արտգործնախարարի ժամանումը Երևան։ Կարո՞ղ է արդյոք այս այցելությունն ինչ-որ կերպ առնչվել հայ-թուրքական հարաբերություններին ՝ ՀՀԿ փոխնախագահից հետաքրքվեցին լրագրողները։ «Թուրլքիայի ցանկացած գործողություն կեղծ է»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ ռեալ արդյունքներ չի ակնկալում։

Ցուցադրել ավելի
Back to top button