ԿարևորՔաղաքական

Իրանը բարեկամ երկրի նկատմամբ գազի գնի այլ մոտեցում կարող է դրսեւորել, ասում է ԻԻՀ դեսպանը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Նախ պետք է նստել, քննարկել, հետո որոշել թա՞նկ է, թե՞ ոչ»,- ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր  դեսպան Մոհամադ Ռաիսին  այսօր այսպես է արձագանքել լրագրողների հարցին, թե որքանո՞վ են հիմնավորված այն պնդումները, որ  իրանական գազն ավելի թանկ է, այդ պատճառով էլ Հայաստանի համար առավել շահավետ է այն ներկրել Ռուսաստանից: Մոհհամադ Ռաիսին  իր խոսքում մի քանի անգամ շեշտել է, որ Իրանն իր գազը վաճառում է միջազգային գներով, բայց բարեկամ երկրների հանդեպ, որոնց թվում նաև Հայաստանն է, բոլորովին այլ մոտեցում կարող է  կիրառվել։

2013-ի հունիսին կայացած նախագահական ընտրություններում Հասան Ռոհանիի հաղթանակը Իրանի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություններ բերեց: Միջուկային խնդիրների շուրջ Արևմուտքի ու Իրանի միջև լարվածության թուլացումը նորընտիր նախագահի արտաքին քաղաքական գերակայությունն էր, որն էլ իր դրական հանգուցալուծումը ստացավ նոյեմբերին՝ Իրանի և «վեցնյակի» միջև կայացած ժնևյան բանակցություններում: Ձեռք բերված պայմանավորվածությամբ Իրանի հանդեպ վերացվում են միջազգային պատժամիջոցները, վերջինն էլ ՝ ՄԱԳԱՏԷ- ի վերահսկողության ներքո իրականացնում է միջուկային ծրագիր զուտ խաղաղ նպատակներով:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին, ինչպես օրերս կայացած ասուլիսում, այսօր մեկ անգամ ևս վերահաստատեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կնպաստի տարածաշրջանում լարվածության թուլացմանը, ինչն էլ, անկասկած, իր դրական ազդեցությունը կունենա հայ- իրանական տնտեսական հարաբերությունների վրա։ «Պատժամիջոցների վերացումից հետո հնարավոր են դառնում բանկային փոխանցումները, որոնք շատ կարևոր են: Գիտեք, որ գույություն ունի հայ-իրանական «Մելլաթ» բանկը, որի հետ հայաստանյան բանկերը երկար ժամանակ չեն համագործակցում, այն դեպքում, երբ Հայաստանի հետ նախագծերն իրականացնելու համար մենք պետք է հնարավորություն ունենանք գումարները փոխանցել բանկերի միջոցով»,- ասաց։

Դեսպանի խոսքով՝ բանկային խնդիրների պատճառով արգելափակվել է, օրինակ, Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը, իսկ խոսքն այս դեպքում 500 միլիոն դոլլարի մասին է: Լրագրողներն այսօր հարց ուղղեցին Հայաստանով անցնող իրանական խողովակաշարի ու մեր երկրի տրանզիտային հնարավորությունների մասին: «Այդ հարցն ամենևին էլ փակված չէ: Հնարավոր է, որ մի քանի տարի անց Հայաստանի ենթակառուցվածքները կընձեռեն այդ հնարավորությունը և մենք էլ կկարողանանք գազ տարանցել Հայաստանով, որը կշահի դրանից»,- նկատեց դեսպանը։

Մոհհամադ Ռաիսին  ուղղված հարցերի ճնշող մեծամասնությունն այսօր վերաբերում էին գազի սակագնին: Մասնավորապես՝ մեծ ցանկություն կար ճշտելու՝ որքանո՞վ են հիմնավորված կառավարության այն պնդումները, թե իրանական գազն ավելի թանկ է, այդ պատճառով էլ Հայաստանի համար առավել շահավետ է գազը ներկրել Ռուսաստանից: «Նախ՝ պետք է նստել, քննարկել, հետո որոշել թա՞նկ է, թե՞ ոչ:  Իրանն իր գազը վաճառում է միջազգային գներով, բայց բարեկամ երկրների հանդեպ, որոնց թվում նաև Հայաստանն է, բոլորովին այլ մոտեցում կարող է  կիրառվել: Պարզապես պետք է բանակցել»։
Դեսպանին հայտնի հայ-իրանական միակ պայմանավորվածությունը գազի շուրջ դա գազ-էլեկտրաէներգիայի դիմաց տարիներ առաջ կնքված համաձայնագիրն է, որը, ըստ դեսպանի, լիովին բխում է Հայաստանի շահերից։

Իրանը չունի էլեկտրաէներգիայի կարիք և ինքն էլ այս ոլորտում արտահանող երկիր է, բայց հարևանների հանդեպ ունի բարեկամական, բարոյական պարտավորություններ: Վերոնշյալ բարտերային ծրագիրը,  ըստ դիվանագետի, Հայաստանի հանդեպ Իրանի բարեկամական վերաբերմունքի ցայտուն դրսևորումներից մեկն է։ «Եթե Իրանը Հայաստանին գազ մատակարարի ոչ թե էլետրաէներգիայի, այլ, այսպես ասած, «քեշ» գումարի դիմաց, արդյո՞ք դա ավելի թանկ կլինի, քան՝ Ռուսաստանից ներկրվող գազի գինն է կամ  իրանական գազի դիմաց ներկայում փոխանցվող հոսանքի արժեքն է»,- ըստ դեսպանի՝ այս հարցի շուրջ  պետք է բանակցել Իրանի գազի ազգային ընկերության հետ։

«Մեկ ամիս առաջ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի Իրան այցի ժամանակ Իրանի նավթի նախարարը տեղեկացրել է, որ իրենք հավատարիմ են գազի վերաբերյալ ձեռք բերված նախնական պայմանավորվածությանը: Մոհհամադ Ռաիսին  իր խոսքում մի քանի անգամ շեշտեց, որ  Իրանն իր գազը վաճառում է միջազգային գներով, բայց բարեկամ երկրների հետ այլ կերպ են վարվում:

Ցուցադրել ավելի
Back to top button