Քաղաքական

Ի՞նչ կա «մաքսային» թունելի վերջում. կարծիքներն իրարամերժ են

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՌԴ նախագահի Հայաստան կատարած այցի արդյունքների մասին քննարկում է այսօր կազմակերպել «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնը: Երեւան- Մոսկվա տեսակամուրջի ընթացքում քննարկվել են երկկողմ հեռանկարային նախագծերին, Հայստանի` Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալուն առնչվող հարցեր: Թեմայի վերաբերյալ այսօր հասարակական- քաղաքական քննարկում է կազմակերպել նաեւ Մամուլի ազգային ակումբը՝ ՀՀ- ում Լեհաստանի դեսպանի աջակցությամբ։

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/12/061213politic.mp3

«Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանի գնահատմամբ` ՌԴ նախագահի այցը հայ հասարակության մոտ դրական սպասումների ֆոնին անցավ` կապված Մաքսային միությանն անդամակցելու հետ: Ըստ նրա` ստորագրված մեծ թվով կարեւոր փաստաթղթերը խոսում են նրա մասին, թե որքան մեծ ներուժ է առկա հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացման առումով:

Ռուսաստանի ԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կոնտրոնի ղեկավար Ալեքսանդր Գուսեւը նկատեց, որ ՌԴ նախագահի այցի շրջանակներում ստորագրվել են բավականին ծավաալուն եւ հեռանկարային փաստաթղթեր, այդ թվում` անվտանգության եւ ռազմավարական համագործակցության բնագավառում, ինչը Հայաստանի համար բավականին կարեւոր է, մասնավորապես` այն ոչ սովորական իրավիճակում, որը ձեւավորված է Կովկասում:

Ստորագրված բոլոր փաստաթղթերով, փորձագետի համոզմամբ, ըստ էության Հայաստանը ստանում է տարբեր ոլորտներ զարգացնելու լրացուցիչ հնարավորություններ։ Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի այցի դեմ ակցիաներին եւ նշելով, որ հայ փորձագետների գնահատականներով դրանց մասնակիցների թիվը 450-500 էր` ռուսաստանցի փորձագետը եզրահանգեց, որ դա արդեն իսկ վկայում է այն մասին, որ նման հակառուսական տրամադրությունները էական ազդեցություն չեն կարող ունենալ հայ հասարակության վրա, որն անխոս դրական է դիտում Ռուսաստանի հետ Հայաստանի երկխոսության զարգացումն ու համագործակցության ամրապնդումը, քանի որ այդ համագործակցության մեջ տեսնում է այն բարդ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, որոնք ծառացած են Հայաստանի առջեւ։

ՄԱԱ-ում կազմակերպված քննարկման ժամանակ անդրադառնալով խնդրին` «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ Մաքսային միության ստեղծումը, իրականում, Ռուսաստանի համար գլխավոր նպատակ չէ, հիմնականը` Վիլնյուսում սպասվող ԵՄ-ին մերձեցումը կանխելն էր։ «Մենք հայտնվել ենք «Մաքսային» թունելում, որից այն կողմ լույսը չի երեւում: Ռուսաստանի այն հայտարարությունը, որ ինքը չի լքելու Կովկասը եւ ավելին ուժեղացնելու է իր դիրքերը` հիմնական խաղն է. ոչ մի Մաքսային միություն, ոչ մի Եվրասիական միություն: Եվրասիական միությունը միայն թաղանթ է` դա ապահովելու համար»,- ասում է։

Նույն քննարկման ընթացքում, անդրադառնալով այն հանգամանքին, որ ՌԴ նախագահի այցը մեկնարկեց Գյումրիից , ՀՀՇ կուսակցության ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը նկատեց, որ այդ հանգամանքը քննադատելը հուզական է, քանի որ բացասական բան չկա` Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է եւ նաեւ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը: Սակայն, ըստ նրա, այլ է, երբ ՌԴ նախագահը առաջինն այցելեց 102-րդ ռուսական ռազմաբազա։ «Այսինքն` ենթագիտակցորեն ավելի շատ կարեւորվում է ռուսական բազա այցելելը, քան` առհասարակ Հայաստան: Կարծում եմ` Հայաստանը որեւէ դրական արդյունք այս ամենից չքաղեց»։

Ըստ Կարեն Կարապետյանի` հանրության ակտիվ մասը բողոքեց Մաքսային միությանն անդամակցելու դեմ, քանի որ նա ունի համոզվածություն, որ ԵՄ-ի հետ ասոցացումը չուներ այլընտրանք, իսկ հասարակության քաղաքականապես պասիվ  հատվածը չբողոքեց, բանախոսի ձեւակերպմամբ, տեղեկացված չլինելու պատճառով։

Դիտարկված հարցերի առնչությամբ այլ տեսակետ ուներ «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը: «Երեւան-Մոսկվա» տեսակամուրջի ժամանակ նա նկատեց, որ հայ հանրության համար նաեւ չափազանց կարեւոր է երկրի անվտանգության խնդիրը: Արամ Սաֆարյանն այս տեսանկյունից նաեւ գնահատեց Վլադիմիր Պուտինի այցելությունը ռուսական ռազմաբազա եւ այն հայտարարությունը, որ Ռուսաստանը չի հեռանալու Կովկասից։ «Հայտարարությունն ուղղված էր բոլոր նրանց, ովքեր կցանկանային փորձել այս  ռազմավարական համագործակցությունը եւ հետեւություններ անել, թե ինչ հնարավոր կլիներ անել Հայաստանի հետ, եթե նրան հեռացնեին Ռուսաստանից»։

Ըստ Արամ Սաֆարյանի` գործընթացից հանրության սպասելիքները շատ-շատ են եւ, կարծում է, որ կառավարությունն առաջիկայում շատ ակտիվ կսկսի քննարկել ՄՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզը: Փորձագետի համոզմամբ` կա բավականին կառուցողական միջավայր` գործնական երկխոսությունը շարունակելու համար` կապված ՄՄ-ին Հայաստանի լիարժեք անդամակցության հետ: Փորձագետի խոսքով` լիարժեքությունն իր մեջ ներառում է նաեւ Հայաստան- Ռուսաստան երկաթուղու գործարկումը։

Ցուցադրել ավելի
Back to top button