Տնտեսական

Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացրեց գործարարներին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունն այսօր հանդիպում էր կազմակերպել ոչ պարենային ապրանքներ արտադրող, ներմուծող ու վաճառող, ինչպես նաև   թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմում և հարգորոշում իրականացնող լիցենզավորված տնտեսվարող սուբյեկտների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող ընկերությունների և օրենսդրական չափագիտական ոլորտում չափման միջոցներ օգտագործող սուբյեկտների հետ: Հերթական հանդիպումը նախորդներից տարբերվել է  նրանով, որ առաջին անգամ մասնակցել են սիրիահայ գործարարներ։

Բիզնես գործունեությունը սկսեք ու ծավալեք միայն օրենքի շրջանակներում, Սիրիայից Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին այս պատգամն է հորդորել ու հորդորում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարի  կոչ-հորդորն այսօր սիրիահայ գործարարներին մեկ անգամ ևս փոխանցեց արդեն փոխնախարար Վահե Ջիլավյանը: Սիրիայից  հայրենիք վերադարձածների մեծ մասը հետևում է՝ Հայաստանում օրենքի շրջանակներում բիզնես վարելու առաջարկ-հորդորին, հետևում են, ու շատ հաճախ կանգնում անլուծելի թվացող խնդիրների առջև։

«Մենք կարողանում ենք, բայց մի քիչ պրոբլեմներ կան, որ պետք է նստինք ու խոսինք։ Մեզ պարտադրում են, որ Հայաստանում պրոբը խփենք ու մեր ապրանքների վրա Սասունցի Դավիթը լինի։ Բայց եթե մենք վաղը Սիրիա վերադառնանք, այդ զարդերը չենք կարողանալու վաճառել: Սա է մեր խնդիրը: Շատ քիչ է առևտուր լինում, Սուրիայի հետ չես էլ կարող համեմատիլ: Հոս միայն ժամանակ կանցուցնինք»,- ասում են զրուցակիցս՝ Հարություն Բալաբանյանը, որ Երեւանում մեկ ամիս է, ինչ փորձում է աշխատել։

Նրան հանդիպեցինք էկոնոմիկայի նախարարությունում։ Հարությունը, ու ոչ միայն նա, այստեղ էին ՀՀ  էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության հրավերով: Իսկ հրավերը հաջորդ տարվա ստուգումներին  տեղեկացնելու հետ էր կապված: Տեսչության պետ Լևոն Խալիկյանին փոխանցեցինք սիրիհայերի խնդրանքը։ «Հարգորոշումը և հարգադրոշմումը արժի 100-300 դրամ: Իրենք ցանկացած ոսկյա իր կարող են վերցնել, մոտենալ լիցենզավորված կազմակերպության, ժողովրդի լեզվով ասած, պրոբը խփեն, որպեսզի սպառողն էլ վստահ լինի, որ լավ որակի ոսկի է գնում»,- ասում է նա։

Արդեն տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ Լևոն Խալիկյանը մի քանի անգամ շեշտեց, որ նմանատիպ հանդիպումներ  պարբերաբար են կազմակերպում, շուկայի վերահսկողության պետական տեսչությունն էլ ոչ թե ստուգող ու պատժող կազմակերպություն է, այլ գործընկեր, որը միշտ պատրաստ է օգնել իրենց։ «Հրավիրվել է մոտ հարյուր գործարար՝ տարբեր ոլորտներից՝ սուպերմարկետների ցանցն է, ոսկու ներկայացուցիչներն են, բենզինի, դիզվառելիքի շուկան ներկայացնող տնտեսվարողներն են: Մեր հանդիպումները պարբերական բնույթ են կրում, ամեն անգամ  տարվա ավարտին ու հաջորդ տարվա սկզբին հավաքում ենք այն ոլորտների տնետսվարող սուբյեկտներին, որոնց մոտ պետք է ստուգումներ իրականացնենք, որպեսզի ստուգումներ անակնկալ չլինեն նրանց համար, տեղյակ ենք պահում, որ օրենքի համաձայն է իրենց մոտ ստուգումներ իրականացվելու»,- ասաց։

Նշենք, որ գերատեսչության հրավերքը շատ քիչ թվով տնտեսվարողներ էին ընդունել: Համենայնդեպս՝  հանդիպմանը  քչերն էին ներկա: Վերջին օրերին «Վաղարշ և որդիներ»  ընկերությանը պատկանող ոսկու շուկայի աշխատակիցների դժգոհւթյունների թեման ևս չշրջանցվեց՝  «բազմաթիվ խախտումներ են եղել, նրանք ընդունել են խախտումներն ու վճարել են տուգանքները»,- ասաց շուկայի   վերահսկողության պետական տեսչության պետը։

Ցուցադրել ավելի
Back to top button