Հասարակություն

Երկրաշարժի դասերը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Դեկտեմբերի 7-ին կնշվի Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցը: Այն օրվա դեպքերի և մինչ օրս սեյսմիկ անվտանգության ապահովմանն ուղղությամբ իրականացված աշխատանքներին է այսօր անդրադարձել արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը։

Ինչքան մոտենում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցը, այնքան սուր ենք վերհիշում քառորդ դար վաղեմության ողբերգությունը, որը ցնցեց ողջ աշխարհը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ժամը 11 անց 41 րոպեին հետևած զարգացումներին և դասերին այսօր անդրադարձել է Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը: Պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին պաշտոնյան մասնավորապես հերքել է մինչ օրս շրջանառվող պնդումները Սպիտակի երկրաշարժի արհեստածին լինելու մասին։

Հզոր և ավերիչ այդ երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա: Նման գերխորը հորատանցքեր մինչ այդ փորվել էին Ռուսաստանի Կոլա թերակղզում և ԱՄՆ-ի Նևադա նահանգում:  Հրաչյա Պետրոսյանը հերքեց այդպիսի հորատանցքի առկայությունը և գերհզոր ռումբի պայթյունի հավանականությունը: Փոխարենը՝ դեռ 1986 թվականի ապրիլին իսկ արձանագրվել էին մոտալուտ աղետի առաջին նախանշանները։

Այն տարիներին այս տվյալները մնացին առանց ուշադրության: Ընդհանուր առմամբ՝ երկիրը պատրաստ չէր դիմակայել երկրաշարժին, փաստում է մասնագետը: Բացակայում էր սեյսմիկ պաշտպանության համակարգ, ոլորտի հարցերով զբաղվում էին առանձին գիտական և ուսումնական հիմնարկներ: Ազգաբնակչությունը անտեղյակ էր երկրաշարժերի դեպքում վարքի կանոններից։ Անկազմակերպ էին և աղետի հետևանքների վերացման աշխատանքները, հատկապես՝ առաջին օրերին, երբ զգացվում էր արհեստավարժ փրկարարների և տեխնիկայի պակաս: Այդ օրերին արձանագրվեցին և խոչընդոտներ, հիշում է Հրաչյա Պետրոսյանը։

Միայն աղետից հետո հիմնվեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, որը միավորեց ոլորտում զբաղված տարբեր ենթակայության հիմնարկները և ենթակառուցվածքը։ Ոլորտը կարգավորված է նաև օրենսդրորեն, ընդունված են բազում նորմատիվ ակտեր, որոնք կարգավորում են սեյսմիկ անվտանգության հարցերը:

Անդրադառնալով առկա սեյսմիկ ֆոնին՝ գործակալության պետը նշեց, որ երկրաշարժերի ակտիվությամբ աչքի ընկավ 2011 թվականը, երբ ուժեղ ցնցումներ արձանագրվեցին Վանում և ադրբեջանական Զակատալա քաղաքում։

Ցուցադրել ավելի
Back to top button