ԿարևորՄշակույթ

Վաղը Երեւանում հանդես կգա «աշխարհի ամենաբարձրաճաշակ երաժիշտներից մեկը»՝ Սթիվեն Իսերլիսը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի  պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի  տարեվերջյան ծրագիրը կներառի մի քանի ուշագրաֆ   իրադարձություններ:   Դեկտեմբերի 6-ին  Արամ Խաչատրյան համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ   նվագախմբի հետ հանդես կգա  աշխարհահռչակ բրիտանացի   թավջութակահար Սթիվեն  Իսերլիսը: Ի նշան  1988 թ. երկրաշարժի 25-ամյա տարելիցի՝  համերգը կմեկնարկի Երվանդ Երկանյանի  «Միստերիա» ստեղծագործության կատարմամբ։

«Աշխարհի ամենաբարձրաճաշակ երաժիշտներից մեկը, ում երբևէ առիթ եմ ունեցել լսելու»,- այսպես է Հայաստանի  պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի  գեղարվետական ղեկավար և դիրիժոր մաեստրո  Թոփչյանը ներկայացնում աշխարհահռչակ բրիտանացի   թավջութակահար Սթիվեն  Իսերլիսին, ում  մենակատարությամբ վաղը  կկայանա   Պրոկոֆևի  Թավջութակի կոնցերտի  հայաստանյան պրեմիերան:

«Ով չի հավանում այս ստեղծագործությունը, նա պարզապես հիմար է»,- այս խոսքերի հեղինակն է՝ Պրոկոֆևը: «Սա, իհարկե, ծայրահեղ կարծիք է, բայց դրանում ճշմարտություն կա: Ստեղծագործությունն իսկապես խելացի լսարանի համար  է»,- ասում է Սթիվեն  Իսերլիսը: Լեգենդար երաժիշտը  նախորդ տարիներին Երևանում բազմիցս  հանդես է եկել ֆիլհարմոնիկի հետ, ինչը նվագախմբի  հանդեպ նրա բարձր գնահատականի ու ջերմ վերաբերմունքի վկայությունն է։ «Արդեն 30 տարի պարբերաբար այցելում եմ Հայաստան: Առաջին անգամ դա տեղի ունեցավ 1984 թվականին: Ի տարբերություն  այն տարիների՝ այժմ Երևանում տաք ջուր կա: Սա իմ 7-րդ այցն է: Աշխարհի որ ծայրում էլ հանդես գամ, միշտ հայտնվում է ինչ որ մեկը, ով ինձ ասում է՝ ես քեզ լսել եմ Երևանում: Շատ բան եմ  սիրում Հայաստանում, հատկապես ՝ խոհանոցը, բայց ամենակարևորն, իհարկե, մարդիկ են, որոնք շատ ջերմ են», ասում է։

«Համերգը երկխոսություն է, որտեղ միակողմանի զրույց չի կարող տեղի ունենալ: Արվեստագետի համար միշտ էլ չափազանց կարևոր է՝ ինչպիսի լսարանի առաջ ես հանդես գալիս:  Հայաստանում ինձ հաճելի է նաև այն պատճառով, որ մաեստոր Թոփչյանն իմ  լավ ընկերն է, իսկ ֆիլհարմոնիկ նվագախումբը տարեց տարի  ավելի  կատարյալ է դառնում»,- ասում է բրիտանացի երաժիշտը:

Նշենք, որ Արամ Խաչատրյան համերգասրահում նրա մանակցությամբ համերգը վաղը կմեկնարկի Երվանդ Երկանյանի «Միստերիա» ստեղծագործությամբ՝ ի նշան  88-ի երկրաշարժի 25-ամյա տարելիցի: Երեկոյի ծրագրում  ներառված է նաև  Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը։

 Գերմանաբնակ դաշնակահարուհի  Լուսինե Խաչատրյանի մասնակցությամբ Հայաստանի Ֆիլհարմոնիկի դեկտեմբերի 13-ի համերգը նվիրված է  Երևանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի  հիմնադրման 90-ամյակին:  Դեկտեմբերյան ծրագիրը կամփոփվի հոբելյանական երեկոներով՝ նվիրված Բարսեղ Թումանյանի 55 և Հովհաննես Չեքիջյանի 85-ամյա հոբելյաններին։

Ցուցադրել ավելի
Back to top button