Քաղաքական

ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի համագործակցությունը բարձր է գնահատվել

Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի և Կանզասի փոխնահանգապետ Ջեֆ Քոլյերի գլխավորած պատվիրակությունը։

Այցի ընթացքում Կանզասի պատվիրակությանն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Կողմերը երկուստեք բարձր գնահատեցին ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության մակարդակը և նշեցին, որ մեկ տասնամյակի պատմություն ունեցող համագործակցության ընթացքում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել և կարևորեցին համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը։

Հանդիպումից հետո ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի նիստերի դահլիճում կայացավ ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառում: Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կրկին անդրադարձավ գործընկեր նահանգի հետ համագործակցության լայն շրջանակին, որը ներառում է պաշտպանության` ականազերծում, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ձևավորում, ռազմական բժշկություն, ռազմական արդարադատություն և այլն, արտակարգ իրավիճակների, իրավապահ, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտները:

Նշվեց, որ համագործակցությունը փոխադարձ բարձր է գնահատվում և Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի 10-ամյակի կապակցությամբ Կանզասի Սենատի կողմից այս տարվա ապրիլի 3-ին միաձայն ընդունվել է 1751 բանաձևը, որում բարձր գնահատանքի է արժանացել վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցությունը, ինչպես նաև այդ համագործակցության զարգացմանն ուղղված ՀՀ քաղաքական և զինվորական ղեկավարության ջանքերը։

Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց Կանզասի ժողովրդին այն բանի համար, որ գործընկեր նահանգում լավ են հասկանում նաև հայ ազգի պատմության ողբերգական էջերը և Կանզասը Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 43 նահանգներից մեկն է, որտեղ 2005 թվականից ապրիլի 24-ը նշվում է որպես հայերի հիշատակի օր։

Իր խոսքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես խոսեց համագործակցության արդյունավետության մասին նշելով, որ մի շարք ոլորտներում, Հայաստանի հետ հարաբերությունները վաղուց արդեն դոնոր և օգնություն ստացող կողմերի հարաբերություններից վերածվել են հավասար գործընկերային հարաբերությունների, մասնավորապես նշելով միջազգային կայունության և անվտանգության գործողություններում հայ խաղաղապահների ներդրումը Կոսովոյում, Աֆղանստանում և տարիներ առաջ Իրաքում, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և առևտրատնտեսական շրջանակներում։

Իսկ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարն իր հերթին նշեց, որ հաջորդ տարի Կոսովոյում ԱՄՆ զորախումբը կհամալրվի Կանզասի ազգային գվարդիայի ծառայողներով, և տասը տարիների փորձը հաշվի առնելով` Կանզասցի զինվորականները վստահ են, որ Կոսովոյում ի դեմս հայ խաղաղապահների ունենալու են վստահելի և պրոֆեսիոնալ զինակիցներ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից պատրաստված տեսաֆիլմ: Միջոցառման ավարտին գեներալ-մայոր Լի Թաֆանելին, Կանզասի հետ նահանգային գործընկերության ծրագրի ղեկավար, փոխգնդապետ Բրենտ Սալմանսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի Կանզասի հետ երկկողմ համագործակցության հարցերով սպա, կապիտան Ահարոն Այզեկսոնը պարգևատրվեցին ՀՀ ԶՈՒ «Ռազմական համագործակցության համար» մեդալներով:

Այցի ընթացքում կայացան Կանզասի պատվիրակության այցերը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակ:

Կանզասի պատվիրակությունը այցի շրջանակներում մասնակցել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպված «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկայնության նվազեցման անկյունաքար» խորագրով համաժողովին, այցելել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ս.թ. դեկտեմբերի 7-ին պատվիրակություն Գյումրիում և Սպիտակում կմասնակցի Սպիտակի երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներին և դեկտեմբերի 8-ին կմեկնի Երևանից:

 

Ցուցադրել ավելի
Back to top button