Հասարակություն

Երկրաբանի՝ հակասողանքային միջոցառումներ իրականացնելու առաջարկներն անարձագանք են մնում

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանում սողանքների վերաբերյալ ուսումնասիրությունները սկսվել են վաղուց և արդյունքում հայտնաբերվել է  մոտ  3500 սողանք, որից հանրապետության համար  վտանգավորը 200-ն են։ Մայրաքաղաքում` հատկապես Սարի թաղի սողանքները, որոնք մեծ վնասներ են հասցրել բնակչությանը,  չեն էլ անհագստացնում պատկան մարմիններին, ասում է երկրաբան Ռուբեն Յադոյանը: Նա բազմիցս է դիմել քաղաքապետարան Հրազդանի, Գետառի և Ջրվեժի ձորերի գետերի հովիտներում և դրանց շուրջ հակասողանքային միջոցառումներ իրականացնելու  համար, սակայն ոչ մի պատասխան: Սա մայրաքաղաքի մի փոքր հատվածի բնութագիրն էր: Սակայն մարզերում էլ է պատկերը նույնը:

Կապան, Սիսիան, Եղեգնաձոր,  Գորիս. այստեղ են  գտնվում  Հայաստանի ամենավտանգավոր սողանքները: Աշխարհում ամենաերկար՝ Գինեսի ռեկորդակիր Տաթևի «ՏաԹևեր» ճոպանուղին, երկրաբան Ռուբեն Յադոյանի ուսումնասիրություններով, կառուցված է սողանքային գոտում։ Ճոպանուղու, ինչպես նաև  Տաթևի վանքի վերականգնողական աշխատանքները  և հակասողանքային  ուսումնասիրությունները երկրաբանը պարտադիր է համարում:

Նոյեմբերյան, Շամշադին. այստեղ են գտնվում ամենաշատ սողանքները, իսկ գեղատեսիլ Դիլիջանն ինչքան որ գեղեցիկ է, այնքան էլ երկրաբանական կառուցվածքի տեսանկյունից վտանգավոր է: Երկրաբանը միշտ է բարձրաձայնել, որ այնտեղ մի փոքր շենք  կառուցելու դեպքում անհրաժեշտ է հակասողանքային միջոցառումներ իրականացնել, որը, ըստ նրա, չի արվում:  Երկրաբան Յադոյանն ահազանգում է՝ Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցը երկար կյանք չի ունենա։

Նա բարձրաձայնում է՝ անկարելի ոչինչ չկա և աշխարհում ընդունված հակասողանքային  նոր մեխանիզմներ է առաջարկում։ Առաջարկում է տարբերակներն ու պահանջում կիրառել դրանք: Թեհրանում այսօր մեծ ծավալով իրականացվում են շենքերի վերականգման աշխատանքներ, որը մեզ մոտ չի կատարվում, սակայն Ռուբեն Յադոյանը շենքերի վերազինման համար դիմել է Երեւանի քաղաքապետարան և կառավարություն, բայց թե ինչպիսին է եղել արձագանքը, անհայտ մնաց:

Ցուցադրել ավելի
Back to top button