ԿարևորՀասարակություն

Գնորդը պետք է վստահ լինի, որ ոսկի է գնում. ոսկու շուկայի խնդիրը՝ կառավարությունում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառվարությունն այսօր ԱԺ- ին առաջարկություն է ներկայացրել դեկտեմբերի 10- ին ժամը 12-ին հրավիրել արտահերթ նստաշրջան հրավիրել:  Օրակարգում ընդգրկված են 2014 թ. պետբյուջեի քննարկման շարունակությունը, «Պետական կենսաթոշակների մասին», «Զբաղվածության մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերը։ 

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/12/051213gov.mp3

Ոսկու շուկային աշխատակիցների բողոքը կառավարության ուշադրության կենտրոնում

Նախորդ շաբաթ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել «Վաղարշ և որդիներ»  ընկերությանը պատկանող ոսկու շուկայի աշխատակիցները:   Նրանց խոսքով՝  իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սխալ հարգանշումներ եւ յուրաքանչյուր սխալ հարգանշված ապրանքի համար տնտեսվարողները տուգանվել են 50 հազար դրամով: Նրանց շարքերում կան մարդիկ, որոնց տուգանքն անցնում է 2-3 միլիոն դրամը: Բողոքի ակցիայի մասնակիցները  պնդում էին, որ հարգանշման համար պատասխանատուն այլ կառույց է եւ տուգանքը չպետք է իրենք վճարեն։ 


Այսօր նրանց խնդրին անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը նախ հիշեցրեց, որ  առաջին անգամ չեն ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիաներ կազմակերպում, տարբեր խնդիրներ են առաջ քաշում, ընդ որում՝ ոչ միայն նրանք, այլ նաև հաճախորդները։ «Բողոքները, որ ստանում ենք ոսկու շուկայի աշխատակիցներից կամ հաճախորդներից, շատ բազմազան են` սկսած աշխատանքային պայմաններից, այնտեղ ստեղծված հակահրդեհային և սանիտարական վիճակից։ Հաճախորդները բողոքում են, որ ձեռք են բերում իրեր, որոնց վրա դրոշմ չկա, որակի վերաբերյալ կան լուրջ կասկածներ: Այս խնդիրը մեզ համար կարևոր է, որովհետև յոթ հազար մարդ է աշխատում ոսկու շուկայում, որտեղ մենք պետք է զգուշավոր լինենք և շատ լավ պետք է պատկերացնենք, թե ինչ խնդիրների ու ռիկսերի ենք առնչվում»,- ասաց վարչապետը։

Էկոնոմիկայի նախարարության շուկաների  վերահսկողության տեսչությունը ծրագրել է դեկտեմբերի 10- ին  ստուգումներ իրականացնել  ոսկու շուկայում: էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը վստահեցրեց, որ հարգադրոշմում իրականցնող կազմակերպություններում նույնպես ստուգումներ են իրականացվում,  եղել և լինելու են նաև տուգանքներ: Դրանք պլանավորված ստուգումներ են, արտառոց ոչ մի ստուգում տեղի չի ունեցել:

Ակցիայի մասնակիցները սոցիալական խնդիրներ էին առաջ քաշում, արդյո՞ք կառավարությունը մտահոգ չէ, որ կրկին բողոքի ակցիաներ կկազմակերպվեն։ «Կառավարությունն ունի մի մտավախություն, օրենքները պետք է կատարվեն, պլանային ստուգումները պետք է կատարվեն, բացառություններ չպետք է լինեն, և դա է, որը նրան կհանգեցնի, որպեսզի շուկայի երկու կողմերը, այսինքն՝ նրանք, ովքեր արտադրում, վաճառում են, և նրանք, ովքեր գնում են, հավասար պայմաններում լինեն տվյալ դեպքում: Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում որևէ մեկը կուզենա գնա ոսկու շուկա, գնի ապրանք, որը ոսկի չլինի կամ ավելի ցածր հարգադրոշման ոսկի լինի»,- ասում է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

Նշենք, որ վարչապետը գործադիր մարմնի  անդամներին  հիշեցրեց կառավարության    որդեգրած՝   տնտեսվարողներին հնարավորինս քիչ անհարմարություններ պատճառելու քաղաքականության մասին։

«Կարֆուրը» մինչեւ գարուն մուտք կգործի Հայաստան, հուսով են կառավարությունում
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հույս ունի, որ հաջորդ տարվա առաջին եռամսյակում  ֆրանսիական «Կարֆուր» ընկերությունը վերջապես մուտք կգործի հայաստանյան շուկա: Նախարարը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ «Կարֆուրի» ուշանալը պայմանավորված է ընթացող քննարկումներով, սակայն չի մանրամասնել, թե այս ընթացքում կոնկերտ ինչ խնդիրներ  են առաջացել : Վահրամ Ավանեսյանը չի նշել նաև, թե Երևանի որ հատվածում կարող է  գործել ընկերությունը։

Թերբեռնվածություն. ի՞նչու Մեծամորի ծննդատունը միացվեց Արմավիրի բժշկական կենտրոնին
Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն այսօր բացատրեց, թե ինչու կառավարությունը որոշեց Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի ծննդատունը միացնել Արմավիր բժշկական կենտրոնին։ Փոխնախարարը դա բացատրեց թերբեռնվածությամբ։ «Ընդամնեը իննից տասը կիլոմետր է հեռավորությունը, կոլեկտիվի խնդիր չկա, ծնունդների թիվը  շատ փոքր է, «Մեծամորի» ծննդատանն ընդունում էին միայն սովորական, դասական  ծնունդներ»,- հայտարարեց առողջապահության փոխնախարարը։

«Բնակչությունը պետք է իմանա, որ ծննդօգնության հետ կապված որևիցե խնդիր չի լինելու, բնակչությունը պետք է հանգիստ լինի, որ բժշկական ծառայությունը տեղում է, շտապօգնությունը տեղում է, հղին հսկվելու է նույն տեղում, ուղղակի ծննդալուծումը լինելու է Արմավիրի լավ վերանորոգված, կահավորված հիվանդանոցի ծննդատան բաժանմունքում: Հեռավորության խնդիր բացարձակապես չկա, ընդամենը ինը-տասը կիլոմետր է, Երևանի ծննդատների հեռավորությունը Երևանի ներսում ինչքա՞ն է: Ես կարծում եմ, որ որևիցե մեկը առանց աշխատանքի չի մնա»,- ասաց Վահան Պողոսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button