Քաղաքական

Բարձրացնել ընտրությունների նկատմամբ վստահությունը. ընտրական օրենսդրության փոփոխությունների նոր առաջարկներ

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և միջազգային, տեղական դիտորդների կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները քննարկող աշխատանքային խումբն այսօր քաղաքական գործիչների մասնակցությամբ քննարկել է հարցը, թե ինչ դիտողություններ են առանձնացվել անցած նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ընթացքում, որոնք հարկ է փոխել: Ըստ այդմ՝  առաջարկվել է հրապարակայնացնել ընտրողների ցուցակը, բացի դա՝ պետք հնարավորություն տրվի դրսում բնակվող ՀՀ քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը։

Անցած նախագահական ու խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին ընտրական օրենսգրքում առկա թերությունները, որոնք հարկ է շտկել:  Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և միջազգային, տեղական դիտորդների կողմից Հայաստանի ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները քննարկող աշխատանքային խումբ ստեղծվեց, որն այսօրվա քննարկման ընթացքում նշում էր  քաղաքական գործիչների ներկայացրած առաջարկները:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մի շարք առաջարկներով էր ներկայացել: Առաջին հերթին՝ պետք է պայմաններ ապահովել, որպեսզի հանրության վերահսկողության ներքո ընթանան ընտրությունները, ասաց, ինչի համար անհրաժեշտ է համարում հրապարակել ընտրողների ցուցակները։ Ողջ ազգաբնակչությանը պետք է ներգրավել ցուցակների վերահսկողությանը, այդպիսով գոնե ցուցակներում խախտումները նվազագույնի կհասցվեն, ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Մարքսիստ Դավիթ Հակոբյանի դիտարկումն ընտրական բարեփոխումների հարցում խիստ ու կտրուկ էր. դեֆիցիտն օրենսդրության մեջ է և ոչ ցուցակների հրապարակայնացման, ասաց։ Նա առաջարկեց պարտադիր դարձնել քաղաքացու`ընտրությանը մասնակցելու իրավունքը: Հակառակ դեպքում ոչինչ չի փոխվի, հայտարարեց։

«Ժառանգության» ներկայացուցիչը եւս մեկ առաջարկ ներկայացրեց։ Այն է. «դրսում բնակավողների թույլ տալ մասնակցելու քվեարկությանը»։  Զրկելով դրսում գտնվող ՀՀ քաղաքացիներին քվեարկության հնարավորությունից՝ իշխանություններն ազատվում են գլխացավանքից, ավելացրեց Հովսեփ Խորշուդյանը:

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, որ ներկա էր քննարկմանը, ողջունեց առաջարկներ լսելու ՀՀ իշխանությունների նախաձեռնությունը, իսկ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրական հարցերով բաժնի փոխտնօրեն Նիկոլա Շմիտդն էլ ավելի շատ կարևորեց հանրության վստահության ամրապնդումը ընտրությունների նկատմամբ։ ԵՄ պատվիարակության քաղաքական պատասխանատու Անդրեյ Վիդենկոն էլ նշեց, որ ԵՄ- ն պատրաստ է աջակցել Հայաստանին` հասնելու ժողովրդավարական հասարակության կայացմանը։

Քննարկումը շարունակական է լինելու, առաջարկներ առաջիկա օրերին կներկայացնեն նաև հկ- ներն ու լրատվամիջոցները, ինչից հետո ի մի կբերվեն առաջարկներն ու կներկայացվեն Վենետիկի հանձնաժողով։

Ցուցադրել ավելի
Back to top button