Հասարակություն

Հնարավոր է մինչեւ տարեվերջ ընդունվի միասնական Քննչական կոմիտեի ստեղծման մասին օրենքը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

2014 թվականից մեր երկրում կսկսի գործել Քննչական կոմիտեն: Արդեն իսկ պատրաստ է համապատասխան օրենսդրական փաթեթը և, ամենայն հավանականության, մինչև տարևերջ կներկայացվի Ազգային ժողով: Ստեղծվելիք կոմիտեի գործառույթները և գործունեությունը քննարկվել են այսօր կայացած «կլոր սեղանի» ընթացքում։

Երկու նոր օրենք և 15 գործող օրենքների փոփոխություններ և լրացումներ. ահա այն օրենսդրական փաթեթը, որի ընդունումով մեր երկրում կգործի Քննչական կոմիտեն: Փաթեթը մշակել է ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված Միասնական քննչական մարմնի իրավական ապահովման հանձնաժողովը՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ: Այն արդեն ներկայացվել է նախագահի աշխատակազմ և արդարադատության նախարարություն:

Ըստ Աղվան Հովսեփյանի՝ ուսումնասիրվել է առկա միջազգային փորձը և նման կառույցների գործունեությունը եվրոպական երկրներում և նախկին խորհրդային հանրապետություններում: Աշխատանքներին մասնակցել են օտարերկրյա և տեղացի մասնագետները, Եվրամիության խորհրդատուները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և փորձագետները։

Քննչական կոմիտեն միավորելու է ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական մարմինները՝ իրենց տարածքային և կայազորային ստորաբաժանումներով: Ակնկալվում է, որ նորաստեղծ կառույցում կաշխատեն մոտ հազար քննիչ և հետաքննիչ: Հետագայում հնարավոր է, որ նոր կառույցին կմիանա նաև Պետական եկամուտների կոմիտեի քննչական ապարատը: Աղվան Հովսեփյանը նշեց, որ օրենսդրական առումով փորձ է արվել ապահովել Քննչական կոմիտեի անկախությունը։

Ամեն դեպքում՝ Հայաստանի իրավապահ համակարգը պատրաստ է համալրվել նոր կառույցով, նշեց նախկին Գլխավոր դատախազը՝ խուսափելով պատասխանել կոմիտեի նախագահի պաշտոնին իր հնարավոր նշանակման մասին հարցին:

Մշակված օրենսդրական փաթեթի ընդունման ժամկետների վերաբերյալ «Ռադիոլուրին» պարզաբանումներ ներկայացնելով՝ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը չբացառեց, որ այն կընդունվի խորհրդարանի կողմից մինչև տարևերջ:

Ցուցադրել ավելի
Back to top button